Մատչելիության հղումներ

Դավիթ Շահնազարյանը «նահանջ» է համարում ԵԽԽՎ-ի նոր բանաձեւը


Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի օրերին Ստրասբուրգում էր, 1609 բանաձեւի համեմատությամբ «նահանջ» է համարում 1620 բանաձեւը:

«Իհարկե, նահանջ էր», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց Շահնազարյանը: - «Բայց, միեւնույն ժամանակ, ես պետք է ասեմ, որ 1620-ը` ընդունված բանաձեւը, ես գնահատում եմ ավելի լավ, քան նախագիծը… Ես կարծում եմ, որ շարժման պատվիրակության լուրջ հաջողությունն էր, որ կարողացանք բանաձեւում այդ երկու հարցերով ամրագրել սեպտեմբերը»:

Խոսքը 1620 բանաձեւի 9.2 կետի մասին է, որտեղ շարժման պատվիրակությանը, ըստ Շահնազարյանի, հաջողվել է մարտի 1-ի քննության եւ «քաղբանտարկյալների» հարցով ժամկետը տեղափոխել այս տարվա սեպտեմբեր, երբ հարցը կքննարկվի Մոնիտորինգի հանձնաժողովում:

Հարցին, թե ինչու ամբողջական հարցի քննարկումը տեղափոխվեց հունվարյան նստաշրջան, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ինչու չէ` նաեւ Եվրոպայի խորհուրդը շարունակում է իր այսպես կոչված բալանս պահպանելը, եւ պատրաստվում է Հայաստանի հարցը լսել Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո»:

Շահնազարյանի կարծիքով, մինչ հայաստանյան պատվիրակությունը «զբաղված էր Հայաստանին վերաբերող բանաձեւի դրույթները փոխելով եւ կատարված աշխատանքները դրական երանգներով ներկայացնելով», անուշադրության մատնվեց Ադրբեջանի մասին զեկույցը:

«Որովհետեւ Հայաստանի դեմ հիմնական կետերը մտած են հենց այդ բանաձեւի մեջ», - պարզաբանեց նա: - «Այդտեղ ամբողջովին կրկնված են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գնահատականները: Բացի այդ, այդ բանաձեւում գրված է, որ Ադրբեջանում լուրջ ժողովրդավարական առաջընթաց չի կարող լինել, քանի դեռ վերականգնված չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սա Հայաստանի պատվիրակության համար նշանակություն չուներ…»:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար անդամ Ավետ Ադոնցը այսօր` պատվիրակության հրավիրած ասուլիսում այս կապակցությամբ ասաց. - «Սա ոչ թե Հայաստանի պատվիրակության պարտությունն էր, այլ ես սա կգնահատեմ որպես Եվրոպայի խորհրդի պարտություն, որովհետեւ կապել այս կամ այն երկրում ժողովրդավորության զարգացումը ինչ-որ գործոնների հետ որեւէ կերպ չի համապատասխանում այն կանոններին եւ այն մթնոլորտին, որոնք ընդունվել են Եվրոպայի խորհրդի կողմից»:

«Ես եւս համարում եմ, որ Եվրախորհուրդը կատարել է լուրջ սխալ», - հավելեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Հայաստանի խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր ուժի` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը իր մասնակցությունը ԵԽԽՎ-ի աշխատանքին կասեցնելու մասին, Դավիթ Շահնազարյանը «շատ դրական է» գնահատում. - «Կարծում եմ, բարձր քաղաքական գիտակցության դրսեւորում էր եւ քաղաքացիական դրսեւորում էր այն, ինչ արեց Րաֆֆի Հովհաննիսյանը»:

Դավիթ Հարությունյանը նույն առիթով այսօր ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը «ճիշտ չէ», եւ հորդորեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարին «վերադառնալ ակտիվ աշխատանքի խորհրդարանական վեհաժողովում»:

Ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօրվա հայտարարությանը, որով նա ընդդիմությանը հրավիրվել է մասնակցել հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի աշխատանքներին, Շահնազարյանը ասաց. - «Անձամբ ես շատ անլուրջ եմ վերաբերում: Բացատրեմ ինչու. կոռուպցիան այդ ղեկավարների համար ոչ միայն ֆինանսական աղբյուր է` հարստացման ու գերհարստացման, այլեւ` կառավարման ձեւ: Կոռուպցիան այս իշխանությունների համար շատ լուրջ քաղաքական լծակ է իշխանությունը պահպանելու համար, որովետեւ ամեն ինչ կառուցված է կոռուպցիայի վրա… Իրենք իրենց դե՞մ են պայքարելու»:


Կարինե Քալանթարյան եւ Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG