Մատչելիության հղումներ

«Պատգամավորներին կալանավորելու համար բավարար հիմքեր եղել են»


Հայաստանի հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Վահագն Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երեկ պնդեց, որ հետընտրական զարգացումների ընթացքում Ազգային ժողովի պատգամավորներին (Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին եւ Սասուն Միքայելյանին) «կալանավորելու համար բավարար պայմաններ եւ հիմքեր եղել են»:

«Ազգային ժողովի պատգամավորները մեղադրվում են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ: Նրանք մեղադրվում են նախապես համաձայնությամբ հանցագործություն կատարելու մեջ», - շարունակեց նա` ի պատասխան դիտարկմանը, թե ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտը այս ամիս ավելի վաղ Երեւանում ասել էր, որ եթե պատգամավորներին ձերբակալելու ապացույցները հիմնավոր են, ապա ինչո՞ւ գործը դատարան չի ուղարկվում, հավելելով. - «Կարճ, հապճեպ ժամկետում նման գործի քննությունը ե’ւ ուղղակի հնարավոր չէ, ե’ւ չի կարող լինել բազմակողմանի եւ օբյեկտիվ»:

Հարցին, թե բացահայտվել է արդյոք որեւէ ոստիկան կամ ուժային կառույցի որեւէ ծառայող, ում մեղքով կամ ում գործած սխալի արդյունքում մարդ է սպանվել, Հարությունյանը արձագանքեց. - «Կոնկրետ չկան նման անձինք, ովքեր կա’մ դիտավորությամբ, կա’մ անզգուշությամբ, կա’մ թեկուզ օրինաչափ գործողությամբ մահ պատճառած լինեն: Բայց այդ ուղղությամբ առաջին իսկ օրվանից քննություն տարվել է, տարվում է, եւ նախաքննական մարմնի առաջնահերթ նպատակներից մեկն էլ դա է` պարզել մահվան դեպքերի բոլոր հանգամանքները»:

Իսկ հարցին, թե հարցաքննվե՞լ կամ հարցաքննվելո՞ւ են ընդդիմության առաջնորդները, հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչը պատասխանեց. - «Նրանք դեռեւս չեն հարցաքննվել... Նախաքննությունը կատարվում է որոշակի հաստատված տակտիկայով: Որոշակի պլանի շրջանակներում կորոշվի նրանց հարցաքննություն հարցը եւ նրանց գործողություններին գնահատական տալու կամ չտալու խնդիրը»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG