Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Շատ են խնդրում՝ կսահմանենք. քաղբանտարկյալներն այն մարդիկ են, որոնց ազատազրկել են քաղաքական հայացքների համար, նրանց քաղաքական գործունեությունը կասեցնելու նպատակով», - գրում է «Առավոտ»-ի խմբագիրը՝ շարունակելով. - «Անիմաստ է պնդել, որ Հայաստանում նման մարդիկ չկան»:

Անդրադառնալով վերջին հանրահավաքի շուրջ թվաբանական վեճերին` «168 ժամ» թերթը գրում է. - «Հանրահավաքներում մասնակիցների իրական թվաքանակի շուրջ բանավեճերը ծննունդ են առել դեռ 1988-ից: Սկզբում կոմունիստական վարչախումբը մեղադրում էր «Ղարաբաղ» կոմիտեին հանրահավաքների մասնակիցների թիվն ուռճացնելու համար` թվաբանորեն փորձելով ապացուցել, որ Օպերային հարող հրապարակում ֆիզիկապես 50 հազարից ավելի մարդ չի կարող տեղավորվել: Այն ժամանակվա ընդդիմությունը` ի դեմս ՀՀՇ-ի, բնականաբար, չէր համաձայնում նման պնդումների հետ (հայտարարելով 100 հազարից մինչեւ կես միլիոնի հասնող մասնակիցների մասին): Սակայն ընդամենը մի քանի տարի անց, նույն մեթոդներով կատարված հաշվարկների հիմա վրա, արդեն իշխանություն դարձած ՀՀՇ-ն նույն մեղադրանքն էր ներկայացնում իր դեմ բազմահազարանոց հանրահավաքներ կազմակերպող այն ժամանակվա ընդդիմությանը: Այս հարցում այն ժամանակներից առանձնապես շատ բան չի փոխվել»:

«Շաբաթ օրը Մատենադարանի մոտ մի 25-30 հազար մարդ կձգեր, բայց դրա կրկնակին կամ հնգակին չէր հաստատ, ինչպես որ թիվ 1 հանրահավաքայինը նշեց իր խոսքում», - գրում է «Ազգ»-ը` շարունակելով. - «Բայց նորմալ մարդու համար 30 հազար հանրահավաքային տեսնելն էլ բավարար է, որ հասկանա, թե պետությունում պրոբլեմներ կան, որ հասարակության մի զգալի հատված «ոչ» է ասում իշխանությանը: Այսինքն` այդքան մարդ մարտի 1-ին տեղի ունեցածից եւ մյուս իրադարձություններից հետո մնում է իր կարծիքին ու դեռեւս գալիս է հրապարակ` անկախ այն բանից, որ իր լիդերն իր կողմնակիցների անվտանգության մասին մարտի 1-ին այդպես էլ չմտածեց... Մյուս կողմից էլ` եթե իշխանությունը ի վերջո թույլ էր տալու հանրահավաքը, ի՞նչ կարիք կար դրա անցկացումը Մատենադարանի մոտ մերժել. արդյոք դա իշխանության թուլության նշա՞ն է, եթե անգամ այդպես չէ` արտաքին տպավորությունն այդպիսին էր»:

«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. - «Իշխանական ճամբարից սովորաբար հնչում է այն առարկությունը, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Ավելի «խորամանկները» խնդրում են սահմանել «քաղբանտարկյալներ» եզրը: Եթե շատ են խնդրում, կսահմանենք. քաղբանտարկյալներն այն մարդիկ են, որոնց ազատազրկել են քաղաքական հայացքների համար՝ իրենց քաղաքական գործունեությունը կասեցնելու նպատակով: Անիմաստ է պնդել, որ Հայաստանում նման մարդիկ չկան: Առավել «խորամանկներն» ասում են՝ Հայաստանում չկա քաղբանտարկյալի իրավական կարգավիճակ, եւ հենց այդ պատճառով մենք չգիտենք՝ ում փակենք, ում բաց թողնենք: Դա, ըստ երեւույթին, կատակ է, որովհետեւ նման իրավական կարգավիճակ չկա եւ չի եղել աշխարհի որեւէ երկրում»: Անդրադառնալով ազատ ընտրությունների անցկացման հնարավորությանը` թերթը շարունակում է. - «Ենթադրենք, իշխանության համաձայնությունը կա, եւ այս հարցով սկսվել է երկխոսություն: Ի տարբերություն քաղբանտարկյալներին ազատ արձակելուն, այստեղ կողմերի նույնիսկ առավելագույն բարյացակամությունը քիչ է: Ի վերջո, եթե ազատ ընտրություններ անցկացնելն այդքան հեշտ լիներ, ապա հենց Տեր-Պետրոսյանը դա կաներ 1995-1996 թվականներին»:

«Մի հարցում իշխանություններն ու նրանց մանկլավիկները իսկապես ամենօրյա առաջընթաց են արձանագրում», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Այդ ամենօրյա բարգավաճման ոլորտը նենգափոխումն է… Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Հայաստանում ներդրել են կառավարման ավազակապետական համակարգ, ժամուկես տեւած ելույթում փաստերով հիմնավորում է իր այս տեսակետը եւ եզրակացնում, որ ավազակապետական համակարգը պետք է կազմաքանդել, որովհետեւ դա պետականակործան համակարգ է: Սերժ Սարգսյանը սրան արձագանքում է բառացիորեն հետեւյալ կերպ. Տեր-Պետրոսյանը առաջարկում է քանդել պետությունը… Իր հենց առաջին ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը հստակ հայտարարեց, որ իր քաղաքական վերադարձի նպատակներից մեկը Ղարաբաղի ազատության միջազգային դե յուրե ճանաչումն է… Սերժ Սարգսյանը պատասխանում է` Տեր-Պետրոսյանը ցանկանում է ծախել Ղարաբաղը»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG