Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա` ի պաշտպանություն «Պիցցա դի Ռոմա»-ի տնօրենի


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ կիրակի ուշ երեկոյան կայացել է բողոքի ակցիա` ի պաշտպանություն «Պիցցա դի Ռոմա» սրճարանների ցանցի տնօրեն Գեւորգ Սաֆարյանի:

Սաֆարյանի փաստաբան Արամ Զաքարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Գեւորգ Սաֆարյանին դատարանի կողմից սահմանված կալանքի տակ պահելու ժամկետը լրացավ երեկ ժամը 20:30-ին, այդ կապակցությամբ ներկայացել էինք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նա պահվում է, եւ պահանջ էինք ներկայացրել, որպեսզի մեկուսարանի անձնակազմը անհապաղ ազատ արձակի, ինչպես պահանջում է օրենքը: Սակայն, ըստ էության, անձնակազմը եւ մեկուսարանի պետը հրաժարվեցին նրան ազատ արձակել` այն պատճառաբանությամբ, որ դատախազությունից գրություն են ստացել այն մասին, որ գործը ուղարկվել է դատարան` ուրբաթ օրը: Եվ համարեցին, որ դատախազությունից ստացված գրությունը իրենց համար հիմք է, որպեսզի կալանքի տակ շարունակեն պահել, այն դեպքում, երբ օրենքում ուղղակիորեն նշված է, որ անձը կարող է կալանքի տակ պահվել միայն եւ միայն դատարանի որոշման հիման վրա»:

Փաստաբանը տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են դիմել «ե’ւ գլխավոր դատախազին, ե’ւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի նախագահին, տարբեր կազմակերպությունների այս հանգամանքը ներկայացնել եւ խնդրել նրանց աջակցությունը, որպեսզի անհապաղ ազատ արձակվի Գեւորգ Սաֆարյանը»:

Բացի այդ, ըստ Արամ Զաքարյանի, պաշտպանական կողմը պատրաստվում է նաեւ գանգատով դիմել նաեւ Եվրոպական դատարան` «հաշվի առնելով, որ տեղի են ունեցել Գեւորգ Սաֆարյանին ապօրինաբար ազատությունից զրկելու հանգամանքներ»:

«Բազմաթիվ հիմքեր ունենք մենք այս կապակցությամբ, եւ մոտակա ժամկետներում մենք գանգատը կներկայացնենք Եվրոպական դատարան», - ասաց փաստաբանը` հավելելով. - «Ընդ որում, մենք բազմաթիվ պաշտոնյաների տեղեկացրեցինք, որ արդյո՞ք այն նպատակը, որը, ըստ էության, փորձում են հետապնդել, արդարացվում է` այն առումով, որ Եվրոպական դատարանի նախադեպ վճիռների համաձայն` ապօրինի կալանքի տակ պահելու յուրաքանչյուր օրվա համար բարոյական վնասի փոխհատուցման չափը կազմում է 300-400 եվրո: Հաշվի առնելով, որ Գեւորգ Սաֆարյանը շուրջ 240 օր, կարելի է ասել, ապօրինաբար պահվում է անազատության մեջ, որոշակի ժամանակ անց ստացվելու է այնպիսի իրավիճակ, երբ Գեւորգ Սաֆարյանից պահանջվող գումարը կարող է ավելի քիչ լինել, քան այն, որ պետությունը պետք է հետագայում վճարի Գեւորգ Սաֆարյանին ապօրինի կալանքի տակ պահելու համար»:

Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամլո քարտուղար Արսեն Բաբայանը, սակայն, այսօր տարածած հաղորդագրությունում հերքել է փաստաբան Արամ Զաքարյանի պնդումը, թե Գեւորգ Սաֆարյանը անազատության մեջ է պահվում օրենքի խախտմամբ:

«Ըստ փաստաբանի, խախտվել են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, քանի որ անձը կալանքում պահվում է միայն դատարանի որոշմամբ: Տվյալ դեպքում անտեսվել է նույն օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դրույթը, որի համաձայն` «քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է այն օրը, երբ դատախազը քրեական գործն ուղարկում է դատարան», - ասված է, մասնավորապես, Արսեն Բաբայանի հաղորդագրությունում:

Ազգային ժողովի պատգամավոր, հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հարուցված գործով ներկայումս հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանին պատկանող «ՍԻԼ գրուպ»-ի մեջ մտնող «Պիցցա դի Ռոմա» սրճարանների ցանցի տնօրենը կալանավորվել է անցած տարվա հոկտեմբերի 19-ին: Որպես հիմք` իրավապահները մատնանշել էին, թե «Պիցցա դի Ռոմա»-ն չարամտորեն թաքցրել է 15 միլիոն 200 հազար դրամի հարկ: Հետագայում, սակայն, մեղադրող կողմը այդ գումարը հասցրեց 180 միլիոնի, ինչը, Արամ Զաքարյանի պնդմամբ, իրականացվել է ընկերությանը պատկանող համակարգիչներից ապօրինի կերպով քաղված հաշվապահական հաշվետվությունների հիման վրա:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG