Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում ասել է. - «Մի ճշմարտություն կա, որը պետք է հասկանանք. միակենտրոն քաղաքական համակարգում չեն կարող լինել ներդաշնակ հարաբերություններ իշխանության եւ հասարակության միջեւ: Իշխանությունն ինքը պետք է կոնստրուկտիվ, բազմակենտրոն քաղաքական համակարգից բաղկացած լինի, որից հետո կլինեն կոնստրուկտիվ հարաբերություններ հասարակության եւ իշխանության մեջ, կոնստրուկտիվ դիմություն-ընդդիմություն հարաբերություններ: Սա նոր հեծանիվ չէ, այս օրինաչափությունը ողջ աշխարհում գործում է, եւ կարիք չկա ասել, որ Հայաստանում այն չի գործում: Թող պատկերացնեն, որ նույնիսկ Նյուտոնի օրենքը Հայաստանում գործում է»: «Եթե որեւէ մեկը կարդա առարկությունները եւ ծանոթ չլինի զեկույցին, ապա կարող է կարծել, որ մեր զեկույցը հիմնված է միայն ընդդիմադիր աղբյուրներից ստացված տեղեկությունների վրա», - շարունակել է Արմեն Հարությունյանը: - «Այն դեպքում, երբ 68 հղումներից միայն 21-ն է ընդդիմադիր մամուլից վերցրած: Դրանք էլ այն հարցերն են, որոնք վերաբերում են մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձություններին: Իսկ դրանք որեւէ մեկը, բացի ընդդիմադիր մամուլից, չի լուսաբանել: Այդ դեպքում մենք որտեղի՞ց պետք է օգտվեինք երկրորդ աղբյուրից: Առարկությունների հեղինակները աղավաղել են մեր գրածը, հետո իրենք իրենց հնարած մտքերի հետ սկսել են կռիվ տալ` մեր տեքստը հարմարեցնելով իրենց քննադատությանը»:

«Որքանո՞վ է իրատեսական սպառնալիք տեսնել ընդդիմության այնպիսի նախաձեռնությունների մեջ, ինչպիսիք են, ասենք, ժողովրդական զբոսանքները Հյուսիսային պողոտայում, ՀՀՇ-ական գործիչների` իրար հաջորդող պերմանենտ հացադուլները, համազգային միջոցառումների տեղային բոյկոտները, տարաբնույթ դիմումները հանրությանը եւ սակավաթիվ պիկետները», - հարց է բարձրացնում «Իրավունք de facto» թերթը` պատասխանելով. - «Ակնհայտ է, որ բոլոր այս գործողությունները նպատակ ունեն իրավիճակը «տաք պահել» արտաքին աշխարհի համար, բայց սկզբունքորեն չեն վերածվում լայնամասշտաբ քաղաքական միջոցառումների, որոնց հետեւանքով իշխանությունը կարող էր ինչ-որ լուրջ վնասներ կրել… Ավելի շուտ Սերժ Սարգսյանի համար առաջնահերթ խնդիրների լուծմանը խոչընդոտող հանգամանքներն են Հանրային հեռուստատեսության վերլուծական ծրագրերով ընդդիմության դեմ ձեռնարկվող «խաչակրաց արշավանքները», դատախազության եւ արդարադատության նախարարության պայքարը օմբունդսմենի դեմ` այսպես ասած «մունդիրի պատիվը» պահպանելու համար, վարչապետի կողմից Սյունիքի մարզպետի նկատմամբ նախաձեռնած քննության տորպեդահարումը եւ նման այլ դրսեւորումներ»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. - «Լեւոն Զուրաբյանը առանց քաղաքապետարանի իրազեկումը ստանալու հայտարարեց, որ անկախ այդ կառույցի պատասխանից` հանրահավաքը լինելու է: Իսկ այդ դեպքում ապօրինի միտինգի հետեւանքները նրանց այնքան էլ չեն հետաքրքրում: Հանրահավաքում «հասարակական կարգը պահպանելու, առճակատման խորացումը եւ ծայրահեղական դրսեւորումները կանխելու… նպատակով առաջարկում ենք իշխանություններին` նշանակել ոստիկանության եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներ…»: Այս տողերը մեջբերված են Համաժողովրդական շարժման հայտարարությունից: Փաստորեն, իրենք էլ ընդունում են, որ միտինգում հնարավոր են «ծայրահեղական դրսեւորումներ», այդուհանդերձ, մարդկանց կրկին ուղղորդում են միտինգի, նույնիսկ եթե այն լինի ապօրինի: Էլ ո՞ւր մնաց Լեւոն Զուրաբյանի` ասուլիսում հնչեցրած միտքը. «Մենք չենք ուզում ցնցումներ, մենք չենք ուզում ծայրահեղություն»:

«Ռեժիմի եւ ընդդիմության երկխոսությունը չի կայանում», - գրում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Իշխանությունները պարզապես ընդդիմության ղեկավարներից մի քանիսին պատանդ են վերցրել եւ հիմա փորձում են ճնշումների կամ կաշառքի (զանազան պաշտոններ խոստանալու միջոցով) երկխոսության իմիտացիա ստեղծել: Բնականաբար, անիմաստ զբաղմունք է: Այնպես որ, ռեժիմին միայն մի ելք է մնում` «բացատրվել» ժողովրդի հետ: Օրինակ, փորձել բացատրել, թե ով եւ ինչու է հրամայել կրակել ժողովրդի վրա, կրակողներից մի քանիսին հրապարկավ պատժել եւ այլն: Բայց ռեժիմը այս երկխոսությունից էլ է խուսափում: «Բացատրվելու» փոխարեն առայժմ միայն սպառնալիքներ են հնչում. «Լավ ենք արել` կրակել ենք, մի անգամ էլ անեք, էլի կկրակենք, դուք հոգեխանգարմունքի մեջ գտնվող զինված թմրամոլներ եք», ու այդպես շարունակ»:

«Ազգ»-ը գրում է. - «Մարտի մեկից հետո հոսած այս երեք ամիսներին ընդդիմությունը ոչ թե ինչ-որ քայլեր էր անում երկրում հանուն հասարակության առողջացման, հետն էլ երկրի վարկը կասկածի տակ չդնելու համար, այլ մի բան էլ հակառակ ուղղությամբ էր գործում: Բա իշխանության ձգտող ու դրանից հետո երկրում բան փոխելու հավակնություն ունեցողը երկիրը սոդոմ-գոմոր տեսնելու ցանկություն կդրսեւորի՞, էդ թշնամո՞ւ երկիր է, թե իրենցն էլ է… Իշխանավորներն էլ մի սանտիմետր անգամ չեն ուզում նահանջել նախկին գործելակերպի իրենց գրաված «բնագծերից», որեւէ մեկին բան զիջել: Է, լավ, որ վարկաբեկված անուններից չեք ուզում ազատվել, ու նոր, չվարկաբեկված կադրերի ճանապարհը չեք բացում, էդ նշանակում է, որ հեռահար վերլուծական միտքը բացակա է, քանի որ մասամբ չզիջողը սովորաբար ամբողջն է կորցնում: Իշխանությունը, որ չի ուզում բարեփոխվել ներսից, նրան «կբարեփոխեն» ուրիշները, երկրին ու նրա վարկին վնասելով»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG