Մատչելիության հղումներ

Դատախազության խոսնակը հերքում է, թե կան «քաղաքական հայացքների կամ քաղաքական գործունեություն ծավալելու համար» հետապնդվողներ


Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում շաբաթ օրը եւս մեկ անգամ հերքեց հետընտրական իրադարձությունների առնչությամբ կալանավորվածներից եւ նրանց փաստաբաններից շատերի պնդումները, թե ներկայումս ընթացող դատավարությունները «քաղաքական պատվեր են»:

Կալանավորվածներից մի մասի մեղադրանքն էլ արդեն հաստատված է, սակայն նրանց մեծ մասը պնդում է, թե իրենց մեղադրանքները շինծու են եւ իրենց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում քաղաքական հայացքների համար:

«Քաղաքական հայացքների համար կամ քաղաքական գործունեություն ծավալելու համար որեւէ անձի մեղադրանք առաջադրված չէ որեւէ քրեական գործի շրջանակներում», - ասաց Սոնա Տռուզյանը` հավելելով, որ մայիսի 29-ի դրությամբ արդեն կայացվել է 20-ից ավելի դատավճիռ: - «Դատարանները հիմնավորված են համարել նախաքննական մարմնի կողմից կոնկրետ անձանց առաջադրված կոնկրետ մեղադրանքները: Դատավճիռներով 24 անձանցից 9-ի դատապարտվել են ազատազրկման 1-3,5 տարի ժամկետով, իսկ 15 անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան»:

Սոնա Տռուզյանը չի գտնում, թե մեղադրանքները շինծու են, եւ նշում է, որ կալանավորվածների մի մասն ընդունել է առաջադրված մեղադրանքը եւ «ստացել ավելի մեղմ պատիժ»:

Մեղադրանքները քաղաքական պատվեր եւ շինծու որակելով, ըստ գլխավոր դատախազության մամուլի քարտուղարի` «փորձ է արվում մի խումբ մարդկանց կողմից այդպես ներկայացնել, ինչը, թերեւս, արվում է քաղաքական նպատակներից ելնելով»:

Հրապարակվել են տեսակետներ, թե հետընտրական իրադարձությունների հիմնական կազմակերպիչները ազատության մեջ են, իսկ կալանավորված քաղաքական գործիչներից մի մասի դատավարությունները դեռ չեն սկսել, ոմանք էլ ստորագրությամբ բաց են թողնվել:

Սոնա Տռուզյանը այս կապակցությամբ ասաց. - «Ես չգիտեմ, թե մարդիկ հիմնական կազմակերպիչներ ասելով, ում նկատի ունեն: Եթե կա որեւէ քաղաքացի, որեւէ անձ, ով ունի տվյալներ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների մասին` ավելի առարկայական, ավելի փաստարկված, խնդրեմ, թող ներկայացնեն: Նախաքննական մարմինը այդ ամենը հետազոտման եւ քննության առարկա կդարձնի»:

Ինչ վերաբերում է կալանավորված քաղաքական գործիչների նկատմամբ ընտրված խափանման միջոցին, ապա, Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, անձի զբաղեցրած դիրքը եւ պաշտոնը խափանման միջոցի ընտրության հարցում դեր չի խաղում. - «Իհարկե, անձը բնութագրելու առումով դա, անշուշտ, դատարանին կհետաքրքրի: Այդպիսի մեղադրյալները երկու տասնյակից ավելի են, ում նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, նախաքննական մարմնի որոշմամբ փոխվել է ստորագրությամբ չհեռանալու մասին: Եվ այդ որոշման համար հիմք է ծառայել այն, որ նրանց ազատության մեջ գտնվելը չի կարող խոչընդոտել հետագա քննությանը: Յուրաքանչյուր մեղադրյալի վերաբերյալ կայացվում է անհատական որոշում, եւ այստեղ փորձել գտնել ինչ-որ քաղաքական լուծումներ, ուղղակի ճիշտ չէ»:

Մայիսի 29-ի դրությամբ, ըստ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության, սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում նախնական կալանքի տակ է գտնվում 49 մեղադրյալ, եւս 33 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանքի հետ կապ չունեցող այլ խափանման միջոց: Հետախուզման մեջ է գտնվում 4 մեղադրյալ՝ Խաչատուր Սուքիասյանը, Նիկոլ Փաշինյանը, Վիրաբ Մանուկյանը, Համլետ Հովհաննիսյանը:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG