Մատչելիության հղումներ

Սպիտակ տան նախկին խոսնակը իր հուշերի գրքում բացահայտում է «խաբեության վաշինգտոնյան արվեստը»


Հունիսի 1-ից ամերիկյան գրախանութներում վաճառքի է հանվելու Սպիտակ տան նախկին խոսնակ Սքոթ ՄըքՔլելանի հուշերի գիրքը, որը, ամերիկացի վերլուծաբաններից ոմանց գնահատմամբ, ծանր հարված է լինելու նախագահ Ջորջ Բուշի համար:

«Ինչ կատարվեց Բուշի Սպիտակ տան միջանցքներում կամ խաբեության վաշինգտոնյան արվեստը» վերնագրված գիրքը պատմում է այն տարիների մասին, երբ ՄըքՔլելանը գրեթե ամեն օր շփվում էր Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների հետ` նրանց փոխանցելով նախագահ Բուշի տեսակետները Միացյալ Նահանգներում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

ՄըքՔլելանը Բուշի թիմի վետերաններից էր, նա Միացյալ Նահանգների նախագահի հետ կողք-կողքի աշխատել է ավելի քան յոթ տարի, որից երկուեւկեսը` որպես մամլո խոսնակ: 2006 թվականիի ապրիլին հեռանալով այս պաշտոնից` նա ասում էր. - «Ինձ համար մեծ պատիվ էր այս տաղանդավոր ու հրաշալի թիմի մի փոքրիկ մասնիկը լինելը»:

Այսօր արդեն ՄըքՔլելանը խոստորեն քննադատում է իր նախկին թիմակցիներին` նրանց մեղադրելով ստի, կեղծիքի եւ հանրային կարծիքը քաղաքական ընթացիկ նպատակներին ծառայեցնելու փորձերի մեջ:

Մասնավորապես, Իրաքի պատերազմի մասին ՄըքՔլելանն ասում է. -
«Բուշի գլխավոր սխալը ոչ թե ներխուժումն էր Իրաք, այլ ռազմական գործողությունների իրական պատկերը թաքցնելու փորձերին դիմելը»: Բուշի վարչակազմի լրատվական քաղաքականությունը Իրաքում ՄըքՔլելանը բնութագրում է որպես «քաղաքական քարոզչական արշավ»:

Վաշինգտոնում, սակայն, նշում են, որ ինքը` ՄըքՔլելանն այդ արշավի առանցքային դերակատարներից մեկն էր: Այսպես, 2005 թվականի հոկտեմբերին խոսելով Իրաքում զոհված ամերիկացի զինծառայողների մասին` ՄըքՔլելանն ասել էր. - «Նրանք իրենց կյանքը զոհաբերեցին հանուն ազատության: Մեր զինվորականների այդ զոհողությունը հարգելու լավագույն ձեւը կլինի ահաբեկչության դեմ մեր հաղթանակը»:

Իր գրքում ՄըքՔլելանը խստորեն քննադատում է նաեւ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին` նշելով, թե նա, որպես կանոն, խուսափում է լուրջ հիմնախնդիրների մասին խոսելուց` չցանկանալով հարվածի տակ դնել իր հեղինակությունը:

Բուշի վարչակազմի մյուս բացթողումներից մեկը, ըստ Սպիտակ տան նախկին խոսնակի, 2005 թվականի աշնանը տեղի ունեցած «Կատրինա» փոթորկի ժամանակ ցուցաբերված դանդաղկոտությունն էր: «Մոտ մեկ շաբաթ պահանջվեց ամերիկյան վարչակազմից, որպեսզի Վաշինգտոնի դաշնային կառավարությունը որոշում կայացնի օգնություն ցուցաբերել տարերային աղետից տուժած հայրենակիցներին», - գրում է նա:

Ըստ ամերիկյան առաջատար պարբերականների` ՄըքՔլելանի գրքի այն հատվածները, որոնք արդեն հայտնվել են ինտերնետում, ամերիկացի ընթերցողի մոտ մեծ հետաքրքրություն են առաջացրել, ուստի չի բացառվում, որ Սպիտակ տան նախկին խոսնակի գիրքը դառնա 2008-ի ամռան գլխավոր բեսթսելերը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG