Մատչելիության հղումներ

Ուկրաինայի մայրաքաղաքում բացվել է էներգետիկայի հարցով միջազգային խորհրդաժողով


Այսօր Կիեւում գումարվել է երկօրյա միջազգային գագաթնաժողով, որի օրակարգում էներգակիրների մատակարարման բնագավառում Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու հարցն է:

Գագաթնաժողովին մասնակցում են Ուկրաինայի, Վրաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, եւս շուրջ 30 այլ պետությունների, Եվրոպական միության, ԵԱՀԿ-ի, Համաշխարհային բանկի, Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի, բարձրաստիճան պաշտոնյաներ:

Գագաթնաժողովի նպատակն իր բացման խոսքում ներկայացրել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր 3ուշչենկոն:

«Մենք առաջարկում ենք ընդունել այս գագաթնաժողովի առաջին փաստաթուղթը, որի նախագիծը պատրաստել են մասնակից երկրների փորձագետները, այն է՝ համատեղ հռչակագիր Բալթյան ծովի, Սեւ ծովի եւ Կասպից ծովի էներգետիկ տարածք ստեղծելու հայեցակարգի մասին: Ես համոզված եմ, որ դա կխթանի էներգետիկ համատեղ ծրագրերի զարգացումը, կնպաստի Կասպյան եւ այլ շրջաններում էներգակիրների արդյունահանման եւ դեպի եվրոպական շուկա փոխադրման տեխնիկական կարողությունների հզորացմանը», - ասել է 3ուշչենկոն:

Մեկնաբանները նշում են, որ այդ գագաթնաժողովին մասնակցող երկրներից շատերը բազմիցս գանգատվել են, որ Ռուսաստանն իր էներգետիկ հարուստ պաշարները օգտագործում է որպես քաղաքական ազդեցության լծակ:

Ուկրաինան առաջարկում է շահագործել 0դեսայից մինչեւ Լեհաստանի սահմանի մոտ գտնվող Բրոդի ավան ձգվող 670-կիլոմետրանոց նավթատար խողովակաշարը, որը կարելի է հետագայում հասցնել մինչեւ Բալթյան ծովի ափին գտնվող Գդանսկ լեհական նավահանգստային քաղաքը: Այդ խողովակաշարով կասպյան նավթը կարելի է փոխադրել Եվրոպա, մասնավորապես` հասցնել Չեխիայի, Գերմանիայի եւ այլ երկրների նավթամշակման գործարաններ:

Երեկ 3ուշչենկոն բանակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ հայտարարել է, թե Եվրոպական միությունը պետք է ունենա կասպյան էներգակիրները ստանալու փոխադրման ճանապարհի երկարության իմաստով ամենակարճ եւ տնտեսական առումով ամենաշահավետ հնարավորությունը:

«2000 թվականին, երբ մենք ավարտեցինք 0դեսա-Բրոդի խողովակաշարի կառուցումը, մենք անմիջապես առաջարկեցինք, որ այն դառնա եվրոպական էներգետիկ շուկայի անբաժան մաս: Դա կասպյան նավթը Եվրամիություն հասցնելու ամենաշահավետ ուղին է», - ասել է 3ուշչենկոն:

Կիեւում խոսել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Ադրբեջանական նավթը հիմա փոխադրվում է Սեւ ծովի ավազան եւ կարող է լցվել 0դեսա-Բրոդի խողովակաշար, սակայն մենք քննարկում ենք համագործակցության ավելի ընդարձակ ձեւաչափ՝ նավթամշակման, բաշխման, ուկրաինական եւ գուցե նաեւ հարեւան երկրների շուկաներում տեղ ապահովելու հարցը», - ասել է նա:

Ալիեւը եւ 3ուշչենկոն հաջորդ անգամ կհանդիպեն հուլիսի 5-ին, իսկ դրանից առաջ տեղի կունենա երկու երկրների համատեղ աշխատանքային խմբի նիստը:

0դեսա-Բրոդի նավթատար խողովակաշարով է հետաքրքրված նաեւ Ղազախստանը:

Կիեւում գումարված գագաթնաժողովի առաջին օրը ելույթ է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, ով հայտարարել է, որ Վրաստանը Եվրոպայի համար վստահելի էներգետիկ գործընկեր է:

«Վրաստանում Ադրբեջանի մասնակցությամբ բացվել է նավթային նոր տերմինալ: Սա վրաց-ադրբեջանական համագործակցության փայլուն օրինակ է: Մենք ունենք նավթի փոխադրման երեք ճանապարհ՝ Սուպսա, Բաթումի եւ Կուլեւի: Մենք կառուցում ենք երկաթուղի, որը կկապի Ադրբեջանը, Կենտրոնական Ասիան, Թուրքիան եւ մնացյալ Եվրոպան: Կառուցումը կավարտվի երկու-երեք տարում», - ասել է Սահակաշվիլին:

Վրաստանի ղեկավարը անդրադարձել է նաեւ ռուս-վրացական քաղաքական ճգնաժամին: Նա ասել է, որ աջակցելով Աբխազիայի անջատողականներին, Ռուսաստանը սպառնում է Կովկասի էներգետիկ մատակարարման անվտանգությանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG