Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Մեր ցանկությունն է շարունակել գործակցությունը «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հետ»


Հայաստանում հետընտրական շրջանում առաջացած իրավիճակը եւ դրանից բխող խնդիրներն են քննարկվել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ-ի աջակցության համակարգող Թոմ Ադամսի հետ նախագահ Սերժ Սարգսյանի այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը կարեւորել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների ամրապնդումը` դրանք դիտարկելով տնտեսական հաջողությունների, ժողովրդավարության զարգացման եւ տարածաշրջանային կայունության համատեքստում:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հետագա գործունեությանը: Թոմ Ադամսն ասել է, որ իրենք որոշակի մտահոգություններ ունեն` կապված ծրագրի հիմքում ընկած չափորոշիչների պահպանման հետ:

Նշելով, որ հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող ծրագրերը կազմվել են կառավարության կողմից եւ հիմնականում ուղղված են աղքատության կրճատմանը, քաղաքի եւ գյուղական բնակավայրերի զարգացման անհամաչափության հաղթահարմանը, Սերժ Սարգսյանն ասել է. - «Մեր ցանկությունն է շարունակել գործակցությունը «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հետ»:

Անդրադառնալով Հիմնադրամի հիմքում ընկած տնտեսական եւ քաղաքական չափորոշիչներին, նախագահն ընդգծել է, որ տնտեսական առումով որեւէ հետընթաց չկա, ինչին, նախագահի մամլո գրասենյակի վկայությամբ, Թոմ Ադամսը լիովին համաձայն է եղել` նշելով, որ Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներն, իսկապես, լավն են եւ շարունակում են մնալ այդպիսին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ քաղաքական չափորոշիչների եւ գործընթացների վերաբերյալ: Նախագահը շեշտել է իրավիճակի ճիշտ գնահատման անհրաժեշտությունը: Թոմ Ադամսը կարեւորել է ընտրական գործընթացում տեղ գտած խախտումների, հետընտրական զարգացումների ուղղությամբ խորը հետաքննությունը:

«Միացյալ Նահանգների վարչակազմը ցանկանում է, որ Դուք հաջողության հասնեք, Վաշինգտոնում մեծ հույսեր են կապում Ձեր գործունեության հետ եւ համոզված են, որ Դուք կարող եք լինել ուժեղ առաջնորդ եւ կարեւոր քայլեր ձեռնարկել երկիրն առաջ տանելու ուղղությամբ», - ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG