Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում հացադուլի մեջ է 18 մարդ


Այսօր Շիրակի մարզում հացադուլի է նստած 18 հոգի, որոնցից` 14-ը Գյումրիում, 2-ը` Ձորակապում, 2-ը` Մարալիկում: Բոլոր 18-ն էլ հացադուլը հայտարարել են անժամկետ` մինչեւ իշխանությունները բավարարեն իրենց պահանջները եւ ազատ արձակեն, իրենց բնորոշմամբ` «քաղաքական բանտարկյալներին»:

Շիրակի մարզից 12 ազատամարտիկներ Կոտայքի մարզից այստեղ եկած իրենց մարտական ընկերոջ հետ Երկրապահ կամավորականների միության Գյումրիի գրասենյակում հացադուլ են սկսել երեկ ժամը 14-ից, երբ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի եւ մյուսների գործը քննող դատավոր Վահե Խալաթյանը ընդհատեց Հյուսիսային քրեական դատարանի` Գյումրիում ընթացող դատական նիստը եւ դուրս եկավ դատարանի դահլիճից:

Երեկ երեկոյան հացադուլավորներին այցելել են Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Վարդան Խաչատրյանը, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը եւ այլոք:

Պետրոս Մակեյանը, Աշոտ Զաքարյանը եւ այլոք դատարանի առջեւ են կանգնել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու մեղադրանքով:

Ղարաբաղյան պատերազմի տարիներին «Կումայրի» ջոկատի հրամանատար Աշոտ Զաքարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ գյումրեցի ազատամարտիկները դատարան էին դիմել մայիսի 7-ին, եւ քանի որ միջնորդությունը չընդունվեց, նույն օրը երեկոյան երկու տասնյակից ավելի ազատամարտիկներ նախազգուշական հացադուլ հայտարարեցին: Հացադուլին ոչ դատարանը, ոչ, տեղական, ոչ էլ մարզային իշխանությունները չարձագանքեցին:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

(Լուսանկարը` Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG