Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանի նախագահը Ադրբեջանի առաջնորդին կոչ է արել հարգել խոսքի ազատությունը


«Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինը երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կոչ է արել հարգել խոսքի ազատությունը եւ պաշտպանել լրագրողներին:

Գեդմինը մտահոգություն է հայտնել մամուլի նկատմամբ ադրբեջանական կառավարության կողմից աճող ճնշումների առնչությամբ:

Ալիեւը, սակայն, հերքել է մամուլի նկատմամբ սահմանափակումների մասին պնդումները` մասնավորապես, հայտարարելով. - «Մենք լիովին ազատ ենք: Մենք հարյուրավոր թերթեր ունենք, խթանում ենք Ինտերնետի օգտագործումը եւ խրախուսում ենք օտարերկրյա հեռարձակողներին: Դուք չեք գտնի մամուլի որեւէ սահմանափակում Ադրբեջանում»:

Նյու Յորքում գործող «Լրագրողների պաշտպանության կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` ազատազրկված լրագրողների թվով Ադրբեջանը հինգերորդ տեղն է գրավում աշխարհում: Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը, իր հերթին, Ադրբեջանը դասել է «ոչ ազատ» երկրների շարքում:

Ջեֆրի Գեդմինը շեշտել է, որ «Ազատություն» ռադիոկայանի առաքելությունն է անաչառ լրատվության տրամադրումը, եւ հորդորել է Ալիեւին հարգել ինչպես ռադիոկայանի, այնպես էլ այլ անկախ լրատվամիջոցների առաքելությունը:

Բաքու կատարած երկօրյա այցի ընթացքում Ջեֆրի Գեդմինը հանդիպել է կառավարական պաշտոնյաների, ընդդիմության առաջնորդների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG