Մատչելիության հղումներ

Արշավիր Բոզինյանը եւ զոհված ազատամարտիկի այրին նախազգուշական հացադուլ են սկսել


Հրազդանի Վանատուր թաղամասում այսօր առավոտյան եռօրյա նախազգուշական հացադուլ են սկսել ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը եւ զոհված ազատամարտիկի այրի Ժաննա Ներսիսյանը, ովքեր պահանջում են անհապաղ ազատ արձակել Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանին եւ մյուս ազատամարտիկներին:

«Իմ պահանջը Սասուն Միքայելյանի եւ բոլոր մեր ազատամարտիկների ազատ արձակումն է` կառավարությունից, վերադաս մարմիններից ուրիշ պահանջ չունենք: Ամսի 24-ին` ցեղասպանության օրը, արդեն մեծաքանակ կամպանիայով հացադուլ կանենք Օպերայի շրջակայքում` ազատամարտիկները, զոհված ազատամարտիկների այրիները, այս անգամ կհավաքվենք Օպերայի հրապարակում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բոզինյանը:

Արշավիր Բոզինյանը շաբաթ օրը ժամանակավորապես դադարեցրել էր 19 օր տեւած հացադուլը:

«Ես հարգեցի Լեւոն Տեր-Պետրոսյանին` իմ առաջին նախագահին եւ գերագույն հրամանատարին, ես հարգեցի իմ անմիջական հրամանատար Սասուն Միքայելյանի արձագանքը եւ դադարեցրի երեք օր», - ասաց նա` հավելելով. - «Այսօր նորից ես հիշեցում-զգուշացում եմ երեք օրով հայտարարում, իմ զոհված ընկերոջ այրու հետ` Ժաննա Ներսիսյանի հետ ես այսօրվանից հացադուլում եմ երեքօրյա»:

«Կհանգստանանք այն ժամանակ, երբ որ գյուղի հերոսը, հրամանատարը ազատ կլինի: Մենք ուրիշ ոչ մի պահանջ չունենք` ոչ աթոռ ենք ուզում, ոչ պաշտոն ենք ուզում, մենք մեր հրամանատարի ազատությունն ենք ուզում», - հայտարարեց Արշավիր Բոզինյանը:

Հինգշաբթի օրը Հայաստանի առաջին նախագահ, նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ էր արել հետընտրական զարգացումների առնչությամբ բոլոր կալանավորվածներին դադարեցնել հացադուլը, եւ հացադուլավորներից շատերը անսացել էին նրա կոչին:

Բոզինյանը, սակայն, հացադուլը կարճ ժամանակով դադարեցրեց միայն Սասուն Միքայելյանի զանգահարելուց եւ խնդրելուց հետո:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG