Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Բացի Հայաստանից Եվրախորհրդի որեւէ երկրում քաղբանտարկյալներ չկան»


Հայաստանի առաջին նախագահ, նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը «Նովիե իզվեստիա» թերթին տված հարցազրույցում փաստել է, որ բացի Հայաստանից Եվրոպայի խորհրդի անդամ որեւէ այլ երկրում քաղբանտարկյալներ չկան:

«Հայաստանում քաղբանտարկյալների թիվը հասնում է 150-ի: Ես չգիտեմ Եվրախորհրդի անդամ որեւէ այլ երկիր, որտեղ քաղբանտարկյալներ կան: Ձերբակալվել են իմ գրեթե բոլոր վստահված անձինք, իմ շտաբների բոլոր ղեկավարները», - ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Եթե հարցնեք ինձ, թե ի՞նչ եմ անելու, կասեմ՝ ձեւավորելու եմ որոշակի հասարակական կարծիք, որպեսզի այս իշխանությունը չճանաչվի: Դրա համար օգտագործելու ենք բոլոր հնարավոր օրինական միջոցները», - շեշտել է նա:

Քննադատելով ԵԱՀԿ-ն եւ Եվրախորհուրդը, Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծիք է հայտնել. - «Սրանք, ըստ էության, բյուրոկրատական կազմակերպություններ են՝ նկատի ունեմ աշխատակազմը: Այնտեղ հավաքվել են դիվանագետ թոշակառուներ եւ երիտասարդ կարիերիստներ, որոնք չեն կարող ասել, որ իրենց
պատասխանատվության տակ գտնվող երկրներից մեկում ամեն ինչ վատ է: Այդ դեպքում նրանց հարցնելու են՝ բա մինչեւ այժմ ինչո՞վ եք զբաղվել: Եթե առաջ այդ կազմակերպությունների դեմ հանդես էին գալիս հիմնականում կառավարությունները, ապա այժմ նրանց դեմ հանդես է գալիս արդեն հանրությունը, ընդդիմությունը, ինչը նրանց համար առանձնապես վտանգավոր է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG