Մատչելիության հղումներ

Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է


Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը ավարտել է պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ազատության հրապարակում փետրվարի 27-ին կայացած հանրահավաքի ժամանակ Տիգրան Մելքոնյանը եւ Լեւոն Խաչատրյանը, ըստ նախաքննության, բացահայտել են անվտանգության մարմինների աշխատակիցներին:

Հայաստանի գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանի փոխանցմամբ՝ Մելքոնյանը եւ Խաչատրյանը նախկինում աշխատել են Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ փնտրողական վարչությունում եւ ծառայության բերումով տեղեկացված են եղել օպերատիվ հետախուզական գործունեության ուժերի, միջոցների եւ մեթոդների մասին:

Ծառայությունից ազատվելուց հետո նրանք պարտավորություն էին ստանձնել չհրապարակել իրենց հայտնի դարձած պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները:

Սակայն հանրահավաքի ժամանակ Մելքոնյանը եւ Խաչատրյանը հրապարակել են նույն վարչության երկու գործող աշխատակիցների ինքնությունը: Այդ կապակցությամբ նրանց մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, գործն արդեն ուղարկվել է դատարան:

Կալանավորված Տիգրան Մելքոնյանն ու Լեւոն Խաչատրյանը աշխատում էին ՀայԷկոնոմբանկում՝ որպես ինկասատոր եւ տնտեսական անվտանգության առաջատար մասնագետ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG