Մատչելիության հղումներ

Թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին մեղադրանք է առաջադրվել


Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում Երեւանի Էրեբունի համայնքի թիվ 13 ընտրատարածքի թիվ 10 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել քվեարկության արդյունքները կեղծելու համար:

Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի փոխանցմամբ` նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ փետրվարի 23-ին թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Հայաստանի նախագահի թեկնածուների վստահված անձանց, լրատվամիջոցների ներկայացուցիչների, միջազգային դիտորդի, ինչպես նաեւ թիվ 13/10 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ կատարված քվեարկության արդյունքների վերահաշվարկի ընթացքում Սերժ Սարգսյանի օգտին քվեարկված քվեաթերթիկների ծրարում հայտնաբերվել է Լեւոն Տեր-Պետրոսյանին կողմ քվեարկված 151 քվեաթերթիկ: Սեյրան Մկրտումյանը, արձանագրված անճշտությունը թաքցնելու նպատակով, կեղծել է վերահաշվարկի արդյունքները՝ հանձնաժողովի անդամներից եւ դիտորդներից թաքցրել է Տեր-Պետրոսյանին կողմ քվեարկված 146 քվեաթերթիկների պարունակությամբ ծրարը, իսկ վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ արձանագրությունը հաստատել է՝ չմտցնելով թաքցրած ծրարում առկա 146 քվեաթերթիկների վերաբերյալ տվյալները:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 150 հոդվածով, որով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու համար սահմանված է 3-ից մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկում:

Սեյրան Մկրտումյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը եւ տվել խոստովանական ցուցմունքներ:

Քրեական գործն ուղարկվել է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG