Մատչելիության հղումներ

Ստեփան Սաֆարյան. «Շատ դեպքերում մեղավոր ենք դարձել մեր տեսածի համար»


«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ իրավապահ մարմինների օգնությամբ իրենց կուսակցության նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Սաֆարյանը երեկ դատախազությունում 8 ժամ է անցկացրել:

«Ես կարծում եմ, որ քաղաքական պատվեր իջեցնողներին առավելապես վրդովեցնում են «Ժառանգություն» կուսակցության` օրինականության շրջանակներում կատարվող քայլերը, հարցումները, հարցադրումները», - ասաց նա: - «Մենք բազմաթիվ գրավոր պարզաբանումներ ենք պահանջել պատկան մարմիններից այս կամ այն խնդրի հետ կապված, ինչպես, օրինակ, մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցածի վերաբերյալ: Մենք հաղորդում ենք տարածել մինչ այս դեպքերը հանցագործությունների մասին` պատգամավորների լիազորություններին խոչընդոտելու փաստերի առնչությամբ, Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում տեղի ունեցած ծեծկռտուքի, քաշքշոցի, հրմշտոցի փաստերի վերաբերյալ»:

«Ես կարծում եմ, որ «Ժառանգություն» կուսակցության` միանգամայն օրենքի շրջանակներում տեղավորվող այս գործողությունները նյարդայնացնում են որոշ շրջանակների, եւ կարծում եմ, ներկայումս մեր քաղաքական հայացքների նկատմամբ իրականացվող այս հետապնդումը կապ ունի, անշուշտ, «Ժառանգություն» կուսակցության գործունեության հետ: Շատ դեպքերում մենք մեղավոր ենք դարձել մեր տեսածի համար», - ասաց նա:

Ստեփան Սաֆարյանի կարծիքով, քննչական մարմնի գործողությունները «անաչառ չեն»:

«Չեմ կարող գնահատական չտալ, որ չեմ վստահում այդ քննչական գործողություններին: Տեղի ունեցողը ես համարում եմ պատգամավորի հայտնած տեսակետի, ունեցած ելույթի շուրջ քաղաքական հետապնդում... Եվ այդ կարծիքը նաեւ գրավոր եմ հայտնել` իմ ցուցմունքներում», - հավելեց Ստեփան Սաֆարյանը:

«Եթե քաղաքական հետապնդում է, բնականաբար, կա նաեւ քաղաքական պատվեր», - ասաց պատգամավորը` շարունակելով. - «Թե ում կողմից` ես կարծում եմ, որ ինքը` քննչական մարմինը կօգնի հետագայում բացահայտել նաեւ պատվիրատուին»:

Այսօր առավոտյան Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել «ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Նրան հարցաքննել են իբրեւ տուժողի. մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մինչեւ օրս չհայտնաբերված անձը դանակահարել էր պատգամավորին:

Այսօրվա իր ցուցմունքում պատգամավորը քննչական մարմնին հայտնել է, որ, իր կարծիքով, իրեն դանակահարող անձը, նաեւ նրա հետ եղած մի քանի հոգին սադրիչներ են եղել, ովքեր քաղաքապետարանի շրջակայքում հայտնվել են հատուկ նպատակով:

«Ինձ համար միանշանակ է, որ դրանք սադրիչներ կարող էին լինել, որովհետեւ մինչ այդ մեր ժողովրդի, քաղաքացիների մոտ բազմիցս խնդրանքով եւ հորդորներով հանդես եմ եկել, որ ոստիկանական ուժերի եւ քաղաքացիների միջեւ անպայման միջանցք պահպանվի 3-4 մետր: Գրեթե բոլոր խնդրանքները մինչեւ այդ կատարվել էին: Այդ խումբը, որ կար, որեւէ կերպ իմ խնդրանքներին, հորդորներին չարձագանքեց»:

Արմեն Մարտիրոսյանը նաեւ հատուկ կարծիք է կցել իր ցուցմունքներին` նշելով. - «Համաձայն չեմ այն ձեւակեպմանը, որ կազմակերպիչներ որպես այդպիսին, սադրիչներ եւ այլն, եւ այլն հանդես են եկել Լեւոն Տեր-Պետրոսյանը, Խաչատուր Սուքիասյանը, Սասուն Միքայելյանը եւ այլոք... Այդպես էր գրված որոշման սկզբում: Ես այդ ձեւակերպման հետ համաձայն չեմ եղել, հատուկ գրել եմ, որ դրա հետ կապված առարկություն ունեմ: Եվ իմ ցուցմունքում նշել եմ, թե առարկությունս ինչին է վերաբերում. որ գտնում եմ, որ նրանք չեն մեղավոր իրադարձությունների նման զարգացման համար: Մեղավորները նրանք են, ովքեր այդ սադրիչներին ուղարկել էին այդ օրը սադրանքներ կատարելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG