Մատչելիության հղումներ

Արդյո՞ք Ազատության հրապարակում կատարվողը նաեւ երիտասարդական շարժում է


Կան երիտասարդներ, ովքեր նույնիսկ չգիտեն, թե ինչ է կատարվում Ազատության հրապարակում, բայց կան նաեւ այնպիսիք, որոնք Ազատության հրապարակ են գալիս վաղ առավոտյան ու տուն վերադառնում ժամ 23-ից ոչ շուտ: Ոմանք էլ գիշերում են հրապարակում:

Ազատության հրապարակի հարթակից շատ անգամ է հնչել, որ այսօրվա շարժումը երիտասարդների շարժումն է: Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանը կիսում է այս կարծիքը. - «Համենայն դեպս, 88 թվականից հետո դեռ չի եղել մի այնպիսի շարժում, որին երիտասարդությունը այսպիսի ակտիվությամբ մասնակցի: Մեր այսօրվա շարժման շարժիչ ուժը հենց երիտասարդությունն է: Երիտասարդությունը հաղթահարել է վախվորածությունը, կաշկանդվածությունը եւ իրեն զգում է ազատ: Սա դրական տեղաշարժ է, որովհետեւ երիտասարդության քաղաքացիական անտարբերությունը կործանարար է ցանկացած երկրի համար»:

Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ երիտասարդները միացել են իրենց շարժմանը հունվարի երկրորդ կեսից. - «Շարժման սկզբին` հոկտեմբերին, նոյեմբերին երիտասարդութունը այդքան ակտիվ չէր»:

«Մանանա» երիտասարդական հասարակական կազմակերպության ղեկավար Ռուզան Բաղդասարյանը նույնպես կարծում է, որ այս շրջանում բազմաթիվ երիտասարդներ ակտիվորեն են մասնակցում քաղաքական ու հասարակական կյանքին: Աշխատելով տարբեր երիտասարդների հետ` Ռուզան Բաղդասարյանը նկատել է, որ ակտիվ երիտասարդները միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ճամբարում չեն: «Երկու կողմերի երիտասարդներն էլ ունեն հետաքրքիր դիրքորոշումներ», - ասաց նա:

«Ինչպես ամեն բան կյանքում, երիտասարդների այս շրջանի ակտիվությունն էլ իր լավ ու վատ կողմերը ունի», - ասում է Ռուզան Բաղդասարյանը:

«Եթե իրենց թեկնածուն հաղթի ու իրենք չտեսնեն այն, ինչ ակնկալում էին եւ հանուն ինչի գնացել էին իրենց առաջնորդի ետեւից, բնականաբար, հիասթափություն են ապրելու: Եվ հակառակը, եթե իրենց քաղաքական պայքարը չունենա հաղթական ավարտ, դարձյալ հիասթափվելու են: Մեր երկրի համար այս երիտասարդ սերնդի հիասթափությունները կարող են կործանարար լինել: Ինձ` որպես երիտասարդների հետ աշխատողի, ավելի շատ անհանգստացնում է այն, թե ինչ է լինելու հետո», - եզրափակեց Ռուզան Բաղդասարյանը:


Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG