Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ընդդիմության կողմից արդեն արձագանքներ կան»


Վարչապետ Սերժ Սարգսյանը այսօր հայտարարեց, որ Հանրապետության հրապարակում երեկ հնչեցրած իր կոչին` ստեղծել կոալիցիոն համաձայնության կառավարություն, արդեն կան «արձագանքներ ընդդիմության կողմից»:

«Արդեն արձագանքներ կան ընդդիմության կողմից համագործակցելու», - Ազգային ժողովում ասաց վարչապետը` ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի հարցին, ու շարունակեց. - «Կլինի ձեր արձագանքը` ձեզ հետ էլ կաշխատենք հաճույքով»:

Քիչ անց, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ովքեր են արձագանքել իր կոչին, Սերժ Սարգսյանը ասաց. - «Ես չէի ուզենա հիմա ասել, թե ովքեր: Բայց ձեզ պիտի ուրախացնեմ. իրոք, արձագանքողներ եղել են... ե’ւ թեկնածուներից, ե’ւ արտախորհրդարանական ուժերից... Մեկ թեկնածու չէ[որ արձագանքել է]: Իրենք կասեն դրա մասին»:

Սերժ Սարգսյանը խոստացավ ծանոթանալ «Ժառանգություն» խմբակցության երեք պատգամավորների` Վարդան Խաչատրյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Արմեն Մարտիրոսյանի դեմ փետրվարի 19-ին բռնության կիրառման կապակցությամբ հարուցված գործին եւ իրավապահներին խնդրել արագացնել գործի քննությունը:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG