Մատչելիության հղումներ

«Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու համար ավելի շատ իրավական հիմքեր կան»


Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու համար ավելի շատ իրավական հիմքեր կան: Այդ մասին հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին` մեկնաբանելով Կոսովոյի կողմից անկախությանը հռչակումը եւ դրա միջազգային արձագանքները:

«Այն, ինչ Կոսովոն անում է այսօր, Աբխազիան եւ Հարավային Օսիան արել են դեռ 17 տարի առաջ», - ասել է Կոկոյտին:

Չճանաչված մեկ այլ հանրապետության` Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը, իր հերթին, հայտարարել է, որ իր անկախությունը ճանաչելու խնդրանքով Աբխազիան շուտով դիմելու է Ռուսաստանի Դաշնային խորհրդին:

Բացի Ռուսաստանից` իրենց անկախությունը ճանաչելու խնդրանքով Աբխազիան եւ Հարավային Օսիան պատրաստվում են մոտ ժամանակներս դիմել նաեւ ԱՊՀ-ին եւ ՄԱԿ-ին:

Էդուարդ Կոկոյտին եւ Սերգեյ Բաղապշը անցած շաբաթվա վերջին Մոսկվայում մի շարք հանդիպումներ են անցկացրել, այդ թվում` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Վրաստանի իշխանությունները երեկ երեկոյան հայտարարել են, որ չեն ճանաչելու Կոսովոյի անկախությունը: «Թբիլիսիում երբեք ոչ ոք չի հայտարարել, որ ճանաչելու է Կոսովոյի անկախությունը: Կարծում եմ, բոլորը կհասկանան Վրաստանի դիրքորոշումը այս հարցում», - ասել է Վրաստանի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոտե Կաբաշվիլին:

Նույնը երեկ Ժնեւում հայտարարել է Վրաստանի եվրոպական ինտեգրման հարցերով նախարար Թեմուրի Յակուբաշվիլին: «Կարող եմ հստակ եւ պարզ ասել` Վրաստանը չի պատրաստվում ճանաչել Կոսովոյի անկախությունը», - ասել է նախարարը:


Ազա Բաբայան, Մոսկվա

(Լուսանկարում` Էդուարդ Կոկոյտի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG