Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանի «Թեկնածուների կլոր սեղան». Արտաշես Գեղամյան


Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի գնահատականը, որ ի տարբերություն 2003 թվականի նախագահական ընտրությունների` այս անգամ լրատվամիջոցները ապահովում են քարոզչական հավասար պայմաններ, հիմնված է իր բոլոր հանդիպումների լուսաբանման որակի եւ մակարդակի վրա: Այդ մասին նա հայտարարեց «Ազատություն» ռադիոկայանի «կլոր սեղանի» ժամանակ:

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավարին ուղղած իր նամակում Արտաշես Գեղամյանը նշել էր նաեւ, որ հանդիպումներ կազմակերպելիս որեւէ խոչընդոտ չի արձանագրել:

Իր նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի նման փոփոխությունը թեկնածուն այսպես բացատրեց. - «Վախենում են, հետս գլուխ չեն դնում: Որովհետեւ գիտեն` եթե խոչընդոտներ առաջացնեն, իրենք ավելի մեծ վնասներ կկրեն, քան եթե գնան ընդառաջ իմ խնդրանքներին, առավել եւս` երբ խնդրանքներս տեղավորվում են Ընտրական օրենսգրքի պահանջների մեջ»:

Իսկ այն փաստի առնչությամբ, որ թեկնածուներից մեկը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սահմանադրական դատարան է դիմել հենց լրատվամիջոցների հետ կապված, «Ազգային միաբանության» առաջնորդը ասաց. - «Իմ տեղեկություններով, ճիշտ այդ նույն թեկնածուն բազմաթիվ հրավերներ է ստացել հեռուստալրատվամիջոցների կողմից, սակայն նա մերժել է: Մերժելուց հետո երբ դիմում են Սահմանադրական դատարան` ասելով, որ խաթարվել են իր թեկնածուական իրավունքները, հավասար լրատվական դաշտ ստեղծված չէ, կարծում եմ, անհիմն է»:

«Ձեր ծրագրային նպատակը երկրում համերաշխության, ազգային միաբանության հաստատումն է, բայց ձեր որոշ ելույթներ հակառակ տպավորությունն են թողնում», - այս հարցադրմանը Արտաշես Գեղամյանը արձագանքեց. - «Առաջին տպավորությունը, այո, այդպիսին է: Մինչդեռ ազգային միաբանություն հաստատելը պայմանավորում է անողոք պայքար այն անձերի, այն քաղաքական ուժի դեմ, ովքեր իրենց խնդիրն ու նպատակն են դրել ազգը պառակտելը: Այդ պայքարի շրջանակում է իմ քննադատությունը` ուղղված նախորդ իշխանություններին»:

«Նախորդ իշխանություններին մենք գնահատական տվել ենք իրենց իշխանավարության տարիներին, 1997 թվականի հոկտեմբերի 18-ին, կոչում` ուղղված համայն հայությանը: Ուրիշ բան, որ որոշ մարդիկ, ավաղ, այս ընթացքում հիվանդացել են ամնեզիայով, եւ այդ մարդկանց մենք պարզապես հիշեցնում ենք մեր իսկ կողմից տրված գնահատականները», - հայտարարեց «Ազգային միաբանության» առաջնորդը` հավելելով. - «Եթե ոմանք, հակափաստարկ չունենալով` հերքելու դրանք, վերագրում են անձնական իբր վիրավորանքների, ապա չարաչար սխալվում են, որովհետեւ այդ փաստաթղթի տակ բացի Արտաշես Գեղամյանի ստորագրությունից կան նաեւ մեր ազգի խիղճը հանդիսացող այնպիսի պատկառելի մարդկանց ստորագրություններ, ինչպիսին էին երջանկահիշատակ Սիլվա Կապուտիկյանը, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, ակադեմիկոս Վլադիմիր Խոջաբեկյանը, ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը, ճանաչված արձակագիրներ Ալվարդ Պետրոսյանը, Ռուբեն Հովսեփյանը, Արմեն Հովհաննիսյանը, հանրահայտ եւ սիրված դերասան Սոս Սարգսյանը, տաղանդավոր բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Ես չեմ կարծում, որ թվարկածս մարդիկ խնդիր ունեն որեւէ մեկին նշավակել: Առավել եւս` նրանք այդ փաստաթղթի տակ ստորագրել են, երբ պարոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության նախագահն էր, եւ իր հեռացման մասին այն ժամանակ դեռ խոսակցություններ չկային»:

Արտաշես Գեղամյանը վստահեցրեց, որ իր «Արարման ծրագրում» առավել խիստ եւ սուր քննադատության են ենթարկված գործող իշխանությունները. - «Փաստարկված, եւ այնպիսի գնահատականներ են տրված, որոնք ոչ այլ ինչ են, քան մեղադրական դատավճիռ, իհարկե` բարոյական իմաստով դատավճիռ»:

«Ուրիշ բան` ստեղծվել է պարադոքսալ մի իրավիճակ, երբ հրապարակավ դու քննադատության ես ենթարկում թե’ գործողներին, թե’ նախորդներին, գործողների շահերը սպասարկող «պատասխանատու» հեռուստալրատվամիջոցները գործողների քննադատությունը ընդհանրապես չեն հեռարձակում, մինչդեռ նախորդ իշխանությունների հասցեին ասված քննադատությունը բարեխղճորեն հասցնում են հեռուստադիտողին եւ հանրությանը` թյուր կարծիք ստեղծելով, թե մեր քննադատության սլաքը ուղղված է միայն եւ միայն նախորդների հասցեին: Ահա գաղտնիքը», - ընդգծեց նախագահի թեկնածուն եւ հավելեց. - «Մինչդեռ բոլոր իմ հրապարակային ելույթները, անտարակույս, տեսագրված են. օրը կգա, եւ մենք անպայման դա կներկայացնենք մեր հեռուստադիտողի, մեր հասարակության դատին»:

Փաստը, որ իր անունը չկար այն չորս թեկնածուների ցանկում, որոնց միավորվելու կոչով դիմել էր Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը, «Ազգային միաբանության» առաջնորդը բացատրեց «այն պարզ պատճառով, որ «Ժառանգություն» կուսակցությունը արեւմտամետ ուղղվածություն ունի, իսկ «Ազգային միաբանություն» կուսակցությունը ջատագովն է հայ-ռուսական ավանդական, ռազմաքաղաքական, տնտեսական մերձեցման խորացման»:

«Նախագահ ընտրվելու դեպքում կարողանալո՞ւ եք հանրապետական վարչապետի հետ աշխատել», - այս հարցին Արտաշես Գեղամյանը պատասխանեց. - «Անշուշտ կարողանալու եմ, որովհետեւ նախագահ ընտրվելը նշանակում է` մեր ժողովուրդը պլեբիսցիտ է արել եւ հավանության է արժանացրել «Արարման ծրագիրը»: Իսկ «Արարման ծրագիրը» եթե ազգաբնակչության հավանությանն է արժանացել, ապա դրանից բխող` արդեն իսկ ցանկացած կազմով Ազգային ժողով պարտավոր է լինելու օրենքի ուժ տալ ծրագրային հիմնադրույթներին: Ուստիեւ ես խնդիր չեմ տեսնում եւ անձերով չեմ պայմանավորում»:


Աննա Իսրայելյան եւ Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG