Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանի շտաբ. «Հանցավոր սադրանքը կազմակերպվել է ավազակապետական իշխանության կողմից»


Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբը այսօր Արտաշատում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ` պնդելով, որ «հանցավոր այս սադրանքը կազմակերպվել է ավազակապետական իշխանության կողմից»։

«Հայտնի է դարձել, որ այն անձամբ նախապատրաստվել է [տարածքային կառավարման նախարար] Հովիկ Աբրահամյանի եղբայր, Ազգային ժողովի պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի եւ մարզպետարանի սոցապ բաժնի պետի գլխավորությամբ: Վերջինս նաեւ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն է։ Ոստիկանությանը հրահանգված է եղել չմիջամտել, ինչը եւ նրանք կատարել են», - ասված է Տեր-Պետրոսյանի շտաբի հայտարարությունում:

Ներկայացնելով կատարվածի մանրամասները, թեկնածուի շտաբը տեղեկացնում է, որ ըստ Արտաշատի բնակիչների` խուլիգանները գործել են Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկ Աբրահամյանի որդու գլխավորությամբ։

Հայտարարությունում ասված է նաեւ, որ «դուրսպրծուկների հանցախումբը», հարձակվելով Լեւոն Տեր-Պետրոսյանի մեքենայի մոտ հսկողություն իրականացնող` պետական պահպանության ծառայության փոխգնդապետ Սարգիս Հովհաննիսյանի վրա, նրան մարմնական վնասվածքներ է պատճառել գլխի շրջանում: Սարգիս Հովհաննիսյանը տեղափոխվել է հիվանդանոց:

«Հանցագործ իշխանությունների կողմից հրահանգված ու կազմակերպված որեւէ սադրանք անկարող է մեզ հունից հանել կամ կասեցնել մեր հաղթական ընտրարշավը, որ փետրվարի 19-ին ավարտվելու է անխուսափելի հաղթանակով», - հայտարարում է թեկնածուի շտաբը: - «Տեղի ունեցածը բանական բանավեճի անընդունակ եւ հոգեվարք ապրող ավազակապետական իշխանության վերջին ճանկռտոցներն են»։

Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբը վստահեցնում է, որ «փետրվարի 20-ից հետո բոլոր սադրիչները կանգնելու են դատարանի առջեւ եւ պատասխանատվություն են կրելու օրենքի ամբողջ խստությամբ»։

Ավելի ուշ միջադեպի կապակցությամբ հայտարությամբ է հանդես եկել նաու ՀՀ ոստիկանությունը:

«Փետրվարի 6-ին, Արտաշատ քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի դիմաց տեղի է ունեցել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հերթական հանդիպումը ընտրողների հետ, որի ընթացքում թեկնածուն եւ նրա թիմակիցները անձնական վիրավորանքներ ու անվանարկումներ են հնչեցրել որոշ պաշտոնյաների հասցեին», - ասված է Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում: - «Հանրահավաքին մասնակցող երեք քաղաքացիներ պահանջել են վերջ տալ անպարկեշտ ու վիրավորական արտահայտություններին, ինչին ի պատասխան` միջոցառման կազմակերպիչների համախոհ չորս - հինգ երիտասարդներ քաշքշել, գցել են գետնին ու հարվածներ են հասցրել դիտողություն անողներին` նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ: Տուժածների կողմնակիցները դիմել են պատասխան գործողությունների»:

«Տարածքային կառավարման մարմինների ղեկավարների եւ ոստիկանության գործուն եւ օպերատիվ միջամտության շնորհիվ հաջողվել է իրավիճակը արագորեն վերցնել հսկողության տակ եւ խուսափել անկանխատեսելի զարգացումներից: Միջադեպի մասնակից անձանց ինքնությունը ճշտված է եւ նրանք բերման են ենթարկվել ոստիկանություն: Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Նախապատրաստվում են նյութեր», - տեղեկացնում է Ոստիկանությունը` եզրափակելով. - «Այսպիսի մարտավարություն որդեգրածներին զգոնության եւ զսպվածության կոչ ենք անում, առաջարկում ենք զերծ մնալ սադրանքների գայթակղությունից եւ հակաօրինական գործողություններից, արհեստականորեն չլարել իրավիճակը, ինչը կարող է հանգեցնել ծանր հետեւանքների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG