Մատչելիության հղումներ

2007-ին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 13,8 տոկոս


Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկային նախարար Վարդան Խաչատրյանը հինգշաբթի օրը, ամփոփելով անցած 2007 թվականը, հայտարարեց, որ տնտեսական աճը երկրում կազմել է 13,8 տոկոս:

«2007 թվականի տնտեսական աճը կազմել է 13,8 տոկոս, վերջին երեք տարիների միջին տնտեսական աճի 12,6 տոկոսի դիմաց», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Խաչատրյանը: - «Տնտեսական այդպիսի աճի վրա իրենց ազդեցությունն է ունեցել աճող ներդրումները, որը 2007 թվականի համար գնահատվում է ՀՆԱ-ի 34,4 տոկոսի չափ` նախորդ տարվա 33,6 տոկոսի եւ 2000 թվականի 18,6 տոկոսի դիմաց»:

Նախարարի խոսքով, տնտեսական աճին իրենց հիմնական մասնակցությունն են շարունակում ցուցաբերել շինարարության եւ ծառայությունների ճյուղերը, որոնք 2007 թվականին տնտեսական աճին նպաստել են համապատասխանաբար 4,6 եւ 3,6 տոկոսային կետով:

Վարդան Խաչատրյանը ասաց նաեւ, որ չնայած արձանագրված որոշակի գնաճի, 2007 թվականին ԱՊՀ-ի անդամ երկրներից Հայաստանի սպառողական ինդեքսը կլինի ամենացածրը:

«2007 թվականին մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն` դոլարային արտահայտությամբ 2003 թվականի նկատմամբ աճել է 3,3 անգամ, իսկ 2000 թվականի նկատմամբ` 4,8 անգամ», - ասաց նախարարը` շարունակելով. - «Այսպիսով, ստեղծված են բավարար հիմքեր մակրոտնտեսական արդյունավետ կառավարումը շարունակելու եւ կենտրոնանալու միջնաժամկետ հատվածում կայուն եւ բարձր տնտեսական աճի, գործազրկության մեղմման եւ գնաճի կառավարելի մակարդակի պահպանման վրա»:

2007 թվականին արտաքին առեւտրաշրջանառության աճը կազմել է 40,7 տոկոս` 2000-2007 թվականների միջին տարեկան 20,1 տոկոսի դիմաց. - «Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը 2007 թվականին 2000 թվականի համեմատ աճել է 3,8 անգամ, արտահանումը՝ 4,1 անգամ, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը՝ 3,6 անգամ»:

2007 թվականի արդյունքներով բարելավվել է ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պարտքի հարաբերակցության ցուցանիշը: Այն կազմում է ՀՆԱ-ի 14,8 տոկոսը, (կամ 1.36 մլրդ դոլար) 2006 թվականի 18,9 տոկոսի (1,2 մլրդ դոլար) դիմաց. - «Այս ցուցանիշներով Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը ցածր պարտքային բեռ ունեցող երկրների շարքում»: Հայաստանի արտաքին պարտքը, նախարարի տեղեկացմամբ, կազմում է 1 միլիարդ 360 միլիոն դոլար:

«Համախմբված բյուջեի ծախսերը կազմել են 720,1 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ում 22,9 տոկոսը: Արդյունքում դեֆիցիտը կազմել է 18,1 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 0,6 տոկոսը», - ասաց Խաչատրյանը:

«ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի եւ տուրքերի հարաբերակցության ցուցանիշը 2006 թվականի համեմատ բարելավել է 1,6 տոկոսային կետով՝ կազմելով 16,1 տոկոս» - ասաց նախարարը` շարունակելով. - «Հատկանշական է, որ հարկերի աճը ապահովվել է առանց դրույքաչափերի փոփոխության՝ տնտեսական աճի, հարկային եւ մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման, ստվերային շրջանառությունների կրճատման հաշվին»:

«Պետական եկամուտների աննախադեպ ավելացումները հնարավորություն են ստեղծել արձանագրել դեֆիցիտի ավելի ցածր մակարդակ ծրագրվածի նկատմամբ», - հայտարարեց Վարդան Խաչատրյանը: - «2007 թվականին ծրագրված` 2,3 տոկոս դեֆիցիտ, 2007 թվականի արդյունքում արձանագրվել է 0,8 տոկոս դիֆիցիտ»:

Նրա խոսքով, ստվերային տնտեսությունը ընդհանուր առմամբ կազմում է 25-30 տոկոս. - «Մենք հարկեր չենք ավելացրել... Դա նշանակում է, որ դաշտ են մտել լրացուցիչ հարկեր»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG