Մատչելիության հղումներ

Հաջորդ շաբաթ Երեւան կայցելի ԵԽ ԽՎ-ի նախընտրական առաքելությունը


Հունվարի 28-ին Երեւան կժամանեն Հայաստանում նախագահական ընտրությունների դիտարկման Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելության անդամները` Ջոն Պրեսկոտի գլխավորությամբ:

Հունվարի 29-ին պատվիրակությունը հանդիպումներ կունենա Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովայի, ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության պատվիրակության անդամների, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի եւ ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամների, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի եւ Հայաստանում Եվրախորհրդի անդամ երկրների դեսպանների հետ:

Հունվարի 30-ին նախատեսված են անհատական հանդիպումներ Հայաստանի նախագահի թեկնածուների հետ, ապա «կլոր սեղաններ»` հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Նույն օրը պատվիրակությանը կընդունի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հունվարի 31-ին տեղի կունենան պատվիրակության հանդիպումները Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների հետ: Պատվիրակությանը կընդունեն նաեւ արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը:

Նույն օրը պատվիրակությանը վերստին կընդունի ԿԸՀ-ի նախագահ արեգին Ազարյանը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պատվիրակությունը իր հանդիպումները կամփոփի հունվարի 31-ին` մամլո ասուլիսով, իսկ հաջորդ օրը կմեկնի Երեւանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG