Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանն ընդունել է «Հարավային Կովկասի նկատմամբ ավելի արդյունավետ ԵՄ քաղականություն. խոստումներից դեպի գործողություններ» բանաձեւ-զեկույցը


Այսօր Եվրոպական խորհրդարանը ընդունել է «Հարավային Կովկասի նկատմամբ ավելի արդյունավետ Եվրամիության քաղականություն. խոստումներից դեպի գործողություններ» բանաձեւ-զեկույցը, որում ներառված մի շարք դրույթները վերաբերում են Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Ինչպես փոխանցում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, բանաձեւը ողջունում է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների բարեհաջող ընթացքը եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության ԵՄ-ՀՀ Գործողություների ծրագրի արդյունավետ իրականացումը. - «Նշվում է, որ 2007թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունները համապատասխանում էին միջազգային չափանիշներին եւ կոչ անում ապահովել նույն մակարդակը նաեւ նախագահական ընտրություններին»:

Բանաձեւը ընդարձակ կերպով անդրադառնում է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման անհրաժեշտությանը, ինչպես նաեւ տնտեսական համագործակցությանը, տրանսպորտային եւ էներգետիկ հարցերին:

Բանաձեւը մասնավորապես հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը անհրաժեշտ է ԵՄ հարեւանության կայունության, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տնտեսական եւ սոցիալական զարգացման համար: Եվրոպական խորհրդարանը նշում է, որ ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հակասությունը նպաստում է Հարավային Կովկասում չկարգավորված հակամարտությունների երկարաձգմանը եւ գտնում է, որ այդ հիմնահարցերը պետք է կարգավորվեն միայն խաղաղ բանակցությունների միջոցով:

Անդրադառնալով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, բանաձեւը ընդգծում է, որ նախագիծը «շրջանցում է գոյություն ունեցող եւ օգտագործման պատրաստ Հայաստան-Թուրքիա երկաթգիծը եւ նպաստում Հայաստանի մեկուսացմանը»:

Բանաձեւը կոչ է անում Թուրքիային գործադրել լրջագույն եւ ինտենսիվ ջանքեր` կարգավորելու խնդրահարույց վեճերը իր բոլոր հարեւանների հետ` միջազգային նորմերի համաձայն, հորդորելով Եվրոպական խորհրդին եւ Հանձնաժողովին` Թուրքիայի եւ Հայաստանի իշխանությունների հետ ներգրավվել հայ-թուրքական սահմանի բացման խնդրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG