Մատչելիության հղումներ

Բեռնար Ֆասյե. «Սա լավագույն առաջարկն է, որ մեր երեք երկրները կարող են ներկայացնել»


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները ավարտվող տարածաշրջանային այցի ընթացքում «լսել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների տեսակետները Մադրիդում ներկայացված փաստաթղթի վերաբերյալ»:

Երեւանում երեկ հրավիրած ասուլիսում նրանք ասացին, որ չէին ակնկալում, թե այս այցելությունը կհանգեցնի վերջնական համաձայնության. - «Խնդիրն առայժմ դիտարկումներին ծանոթանալն էր»:

«Մեր տպավորությամբ, երկու նախագահները շարժվում են նույն ուղղությամբ եւ ընդհանուր պատկերացում ունեն այն մասին, թե այս ընդհանուր սկզբունքների վերաբերյալ համաձայնությունը ինչ տեսք պետք է ունենա», - ասաց ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:

«Սա լավագույն առաջարկն է, որ մեր երեք երկրները կարող են ներկայացնել խնդրի կարգավորման համար», - ասաց ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն: - «Մենք երկու կողմերին էլ բացատրել ենք, որ այստեղ ծուղակներ չկան: Չկա հետին միտք, որ կարող է կողմերից մեկի շահերը ավելի ցածր դասել»:

Համանախագահները Երեւան էին վերադարձել Լեռնային Ղարաբաղից, եւ Մեթյու Բրայզան վստահեցրեց, որ Հայաստանից ու Ղարաբաղից հեռանում են «խորը երախտագիտությամբ» եւ «այս խնդրում մարդկային գործոնի նկատմամբ ավելի խորը կապ զգալով»:

Ֆրանսիացի համանախագահը ասաց, որ իրենք «ուրախ էին լսելու Ղարաբաղի ղեկավարության խելամիտ եւ պրագմատիկ մոտեցումները»:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փաստարկներին` Մեթյու Բրայզան, ով երկու օր առաջ ասել էր, թե «նախագահներին անհրաժեշտ է ժամանակ տալ փաստաթուղթը ուսումնասիրելու համար», հարցին, թե որքան ժամանակ է դրա համար անհրաժեշտ եւ արդյոք կարելի է վերջնական պատասխան ակնկալել մինչեւ Հայաստանի նախագահի ընտրությունները, պատասխանեց. - «Մենք պետք է խուսափենք արհեստական վերջնաժամկետներից եւ նախագահներին տանք այնքան ժամանակ, որքան նրանց անհրաժեշտ է ուսումնասիրելու համար ամեն նախադասությունը, ամեն բառը, ամեն տառը: Մենք զգում ենք, որ նրանք փորձում են գործընթացը ավարտին հասցնել որքան հնարավոր է շուտ»:

Տարածաշրջան այցելությունից առաջ Բրայզան «բանավոր համաձայնության» հույս էր հայտնել: Հիմա, նրա գնահատականով, դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ, «լսելով նախագահների մտահոգությունները եւ դիտարկումները», իրենք եկել են հետեւյալ երկու եզրակացություններին. նախ` նախագահները լուրջ են վերաբերվում խնդրին, եւ ապա` «փաստաթղթում կան որոշ ձեւակերպումներ, որ նրանք ուզում են հստակեցնել»:

Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, անդրադառնալով Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, ասաց, որ իրենք շեշտել են հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

«Մենք ասացինք պարոն Ալիեւին, որ կարող ենք նրա հետ համաձայնել միայն մեկ հարցում` որ 2008-ը պետք է գործընթացի համար որոշիչ տարի լինի: Մնացածի մասին ես բացատրեցի, թե ինչպես ենք դրան վերաբերվում», - հավելեց Մերզլյակովը:

Բեռնար Ֆասյեն եւս մեկ անգամ ընդհանրացրեց, որ այս այցի ընթացքում իրենք վերջնական պատասխան ողջ փաստաթղթի վերաբերյալ չէին ակնկալում. - «Մենք ակնկալում էինք մասնակի պատասխաններ եւ դիտարկումներ առանձին հատվածների վերաբերյալ»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG