Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ժամանակ Երեւան»-ը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի կարգախոսին` «Առա’ջ, Հայաստան», պարզաբանում է. - «Այս կարգախոսի հեղինակը նրա փեսա, նախընտրական շտաբում քարոզչության պատասխանատու Միքայել Մինասյանն է, որն իր միջնակարգ եւ բարձրագույն կրթությունն ստացել է Իտալիայում: «Առա’ջ, Հայաստան» կարգախոսն ըստ էության 1994 թվականին ստեղծված «Ֆորցա Իտալիա» (Առա’ջ, Իտալիա) կուսակցության անվան եւ կարգախոսի պարզ նմանակումն է»: Թերթը տեղեկացնում է, որ «այս կուսակցությունը, որը ղեկավարում է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, 1994 թվականին համանուն «Առա’ջ, Իտալիա» կարգախոսով մասնակցելով խորհրդարանական ընտրություններին, պարտություն է կրել»:

«Առավոտի»-ի գլխավոր խմբագիրը, Ամանորի եւ նախագահական ընտրությունների նախապատրաստման մեջ որոշակի նմանություններ տեսնելով, զուգահեռել է. - «Դեկտեմբերի վերջին մարդիկ վազվզում են խանութներով եւ շուկաներով, զանազան կենդանիների բդեր են ձեռքբերում, տան տիկնայք խելքից դուրս սալաթներ են կտրտում՝ մոտավորապես երեք անգամ ավելի շատ, քան անհրաժեշտ է՝ հույս ունենալով, որ տնեցիները եւ հյուրերը այդ ամենը կուտեն։ Ընտրություններից առաջ էլ թեկնածուներն ու նրանց քարոզիչները ճամփորդում են Հայաստանով մեկ եւ վստահեցնում, որ եթե իրենք նախագահ չդառնան, երկրագունդը ճեղքեր կտա, երկնքից կրակ կթափվի, գետերը կհոսեն հակառակ ուղղությամբ, իսկ արեգակը կխավարի։ Դա նույնպես արվում է այն հույսով, որ ժողովուրդը այդ ամենը կուլ կտա»։ «Արդյունքը մոտավորապես նույնն է», - եզրակացրել է խմբագիրն ու մանրամասնել. - «Թեկնածուների շքեղ պաստառներից մնում են թղթերի փռթիկներ, իսկ ամանորյա ճոխ սեղաններից՝ թթված սալաթներ եւ վերջնականապես «կազմաքանդված» խոզի բուդը»։

«Հայք»-ը, հղում անելով Հանրապետականներին մոտ կանգնած աղբյուրներին, փոխանցել է, որ «օրերս Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի սեղանին դրել է անկախ սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները եւ առաջարկել շինծու պատճառաբանությամբ չգրանցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը»։ «Ռոբերտ Քոչարյանը, որը լրջորեն անհանգստացած է իր ապագայով, Սերժ Սարգսյանին ասել է, թե ինքը կընդունի ցանկացած որոշում, որը կընդունի Սերժ Սարգսյանը։ Իր հերթին Սերժ Սարգսյանը չի թաքցրել մտահոգությունը, թե Տեր-Պետրոսյանին չգրանցելով՝ Հայաստանը դեմ դուրս կգա թե’ Արեւմուտքին, թե’ Ռուսաստանին։ Քոչարյանն էլ, պատասխանատվության բեռը թողնելով Սերժ Սարգսյանի ուսերին, նրան առաջարկել է համարձակ որոշում կայացնել», - գրել է թերթն ու հավելել. - «Սերժ Սարգսյանը հայտնվել է ծանր ապրումների մեջ, եւ մասնավոր զրույցներից մեկի ժամանակ ասել է, որ եթե եթերը բացվի Լեւոն Տեր-Պետրոսյանի առջեւ, ապա իրավիճակը կդառնա անվերահսկելի»։

«Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասել է. - «Հավատացած չեմ, որ նախագահական ընտրությունների միակ խնդիրը երկրի նախագահին որոշելն է։ Նախագահական լավ, ազատ ու արդար ընտրությունների արդյունքում առողջանում է նաեւ քաղաքական դաշտը։ Որոշակիանում է նաեւ, թե կուսակցությունները ինչպիսի դերակատարում պետք է ունենան»։ «Սա նշանակում է, որ երկրորդ ու հաջորդ տեղերը ստացած թեկնածուներին սատարող կուսակցությունները եւս քաղաքական դաշտում իրենց տեղն ամրագրելու խնդիրներն ունեն։ Արժեքներ կան, որ եթե անգամ գերակայող չեն, սակայն անհրաժեշտ են», - բխեցրել է Հանրապետականի փոխնախագահը:

«Ժամանակ-Երեւան» թերթի խմբագրականը իր հերթին շեշտադրել է. - «Տեսականորեն Հայաստանում իշխող ռեժիմը թույլատրում է ընդդիմադիր կուսակցությունների գոյությունը։ Գործնականում, սակայն, նրանց համար հասանելի չեն էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցներն ու նախընտրական լայն քարոզարշավներ իրականացնելու, բողոքի զանգվածային գործողություններ եւ դատական կարգով արդարությունը հաստատելու կամ վերականգնելու հնարավորությունները։ Վերջին մեկ ամսվա ընթացքում ընդդիմադիրների նկատմամբ կիրառվող տոտալ բռնաճնշումները՝ ընդհուպ թռուցիկ փակցնող երիտասարդներին ծեծի ենթարկելու, խաղաղ երթի մասնակիցներին ձերբակալելու փաստերը, ուղղակի այդ ամենի վառ ապացույցներն են»: «Այսպիսի Հայաստանում ժողովրդավարությունն անհնար է ու եթե ընդդիմության ընդգծված թեկնածուն կամ թեկնածուները որոշել են օրենքի տառին եւ ոգուն համապատասխան քաղաքական պայքար մղել, ապա առնվազն պետք է նրան կամ նրանց հուշել, որ մենք 2003 թվականին այդ ջուրը մտել եւ պարտվել ենք», - եզրակացրել է խմբագրականը։

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Սերժ Սարգսյանը վերջին օրերին հաճելի անակնկալ է մատուցել հայ հանրությանը. նա հրապարակային միջոցառումների է ներկայացել այնպիսի մի բաճկոնով, ինչպիսին ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ օգտագործում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Խոսքը մորթիով շրջանակված կապիշոնով բաճկոնի մասին է, ինչպիսին ոչ պաշտոնական այցերի ժամանակ հագնում է ՌԴ նախագահը»: «Սա, թերեւս, նշանակում է, որ Սարգսյանը իր իմիջի բարձրացման համար այլ բան մտածել չի կարող, քան ՌԴ նախագահին կապկելը», - եզրակացնում է թերթը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG