Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանը չի վստահում սոցհարցումների արդյունքներին


Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ, գալիք ընտրություններում նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե չի վստահում սոցիոլոգիական հարցումների հրապարակվող արդյունքներին:

«Սոցհարցումները ամենակարեւոր ֆակտորներից է քաղաքական կյանքում», - ասաց Մանուկյանը: - «Բայց Հայաստանում երբեք ոչ միայն ես, այլ, կարծես թե, ոչ մեկը վստահություն չի ունեցել սոցիոլոգիական հարցումների վրա: Մենք, իհարկե, չենք վստահում ո’չ «Գելափ»-ի ինստիտուտի հետազոտություններին, ո’չ էլ մյուս հրապարակումներին` տեսնելով այդտեղ միտում»:

«Գելափ»-ի ինստիտուտի վերջին հարցման արդյունքներով, նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի վարկանիշը 30 տոկոսից ավելի է: Այս կապակցությամբ Մանուկյանը ասաց. - «Այն, որ 30 եւ ավելի չէ, կարող եմ հիմիկվանից ասել»:

Սոցհարցումների արդյունքները, ըստ ԱԺՄ-ի նախագահի, հավատ չեն ներշնչում նաեւ մի շարք այլ գործոնների, ասենք` ժողովրդի զգուշավորության հետեւանքով:

«Ժողովրդին երբ հարցնում ես, ժողովուրդը կարող է նաեւ ինքն էլ ճիշտ չասել, զգուշանալ, որովհետեւ մեր պետությունում բացահայտ կարծիք ասելը եթե շատ վտանգավոր չէ քաղաքական գործչի համար, ապա պարզ ժողովրդի համար բավականին վտանգավոր է», - պարզաբանեց Վազգեն Մանուկյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG