Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանը չի վստահում սոցհարցումների արդյունքներին


Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ, գալիք ընտրություններում նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը չի վստահում սոցիոլոգիական հարցումների արդյունքներին:

«Սոցհարցումները ամենակարեւոր ֆակտորներից է քաղաքական կյանքում», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Մանուկյանը: - «Բայց Հայաստանում երբեք ոչ միայն ես, այլ, կարծես թե, ոչ մեկը վստահություն չի ունեցել սոցիոլոգիական հարցումների վրա: Մենք, իհարկե, չենք վստահում ո’չ Գելափի ինստիտուտի հետազոտություններին, ո’չ էլ մյուս հրապարակումներին` տեսնելով այդտեղ միտում»:

Գելափի ինստիտուտի վերջին հարցման արդյունքներով, նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի վարկանիշը 30 տոկոսից ավելի է: Այս կապակցությամբ Մանուկյանը ասաց. - «Այն, որ 30 եւ ավելի չէ, կարող եմ հիմիկվանից ասել»:

Սոցհարցումների արդյունքները, ըստ ԱԺՄ նախագահի, հավատ չեն ներշնչում նաեւ մի շարք այլ գործոնների, ասենք` ժողովրդի զգուշավորության, հետեւանքով:

«Ժողովրդին երբ հարցնում ես, ժողովուրդը կարող է նաեւ ինքն էլ ճիշտ չասել, զգուշանալ, որովհետեւ մեր պետությունում բացահայտ կարծիք ասելը, եթե շատ վտանգավոր չէ քաղաքական գործչի համար, ապա պարզ ժողովրդի համար բավականին վտանգավոր է», - պարզաբանեց Վազգեն Մանուկյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG