Մատչելիության հղումներ

Վրաստանում նորից խոսում են հեղաշրջման մասին


Վրաստանում արտահերթ նախագահական ընտրություններում գրացված թեկնածուներից մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլիի նախընտրական շտաբի ղեկավար Վալերի Գելբախիանին մեղադրվում է ապօրինի եղանակով իշխանափոխություն ծրագրելու մեջ:

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, նա հեղաշրջում է կազմակերպում», - այսօր հայտարարել Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Նիկա Գվարամիան:

Միաժամանակ նա չի ասել, թե արդյո՞ք իրավապահներն արդեն պաշտոնապես մեղադրանք են ներկայացնելու Գելբախիանիին:

Վրաստանում գալիք տարվա հունվարի 5-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում պայքար են մղում 6 թեկնածուներ, այդ թվում արտահերթ ընտրությունների կապակցությամբ հրաժարական ներկայացրած Միխեիլ Սահակաշվիլին:

Ընդդիմությանը չի հաջողվել համաձայնության գալ միասնական թեկնածուի հարցում: Ընդդմադիր թեկնածուները չեն վիճարկում Սահակաշվիլիի քաղաքականության այնպիսի հիմնական առաջնահերթություններ, ինչպիսիք են ՆԱՏ0-ին եւ Եվրոպական Միութանն անդամակցելու եւ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու նպատակները:

Նրանք նախագահին քննադատում են «տնտեսական համակարգը քաոսի հասցնելու եւ ավտորիտար մեթոդներով աշխատելու համար»:

Նախագահության թեկնածու Բադրի Պատարկացիշվիլին այժմ բնակվում է Լոնդոնում: Վրաստանի իշխանությունները նրան մեղադրում են նոյեմբերյան ցույցերին աջակցելու համար, սակայն որեւէ մեղադրանք չեն ներկայացրել:

Վրաստանի գլխավոր դատախազությունը ցուցադրել է մի տեսագրություն, որտեղ Գելբախիանին ներքին գործերի նախարարության պաշտոնայներին ներկայացնում է ընդդիմության քայլերի հնարավոր սցենարը. - «Մենք շատ փող կծախսենք եւ հունվարի 6-ին մարդկանց կհանենք փողոցներ: Մենք պատրաստ ենք ընտրությունների օրը սադրանքներ հրահրել: Եթե մենք դա անենք՝ ոչ ոք չի հավատա, որր ընտրություններն արդար են»:

Ինքը Գելբախիանին պնդում է, որ հեղաշրջման որեւէ ծրագիր չի հետապնդում:

«Ես իսկապես հանդիպել եմ ներքին գործերի նախարարության ծառայողների հետ, սակայն մենք հեղաշրջման հարցեր չենք քննարկել: Նրանք ինձ հորդորել են, որ ընտրություններից հետո ընդդիմության հնարավոր բողոքների ընթացքում մենք չդիմենք բռնությունների», - ասել է Պատարկացիշվիլիի նախընտրական շտաբի ղեկավարը` հավելելով, որ ընտրությունների հաջորդ օրը մարդկանց փողոցներ հանելու մասին խոսքը հնչել է ոչ թե որպես սպառնալիք, այլ սոսկ վերացական թեզ ընդդիմության հնարավոր գործողությունների մասին:

Նա նաեւ հիշեցրել է, թե Պատարկացիշվիլին մտադիր է անձնական միջոցներից շուրջ մեկ միլիարդ դոլար հատկացնել Վրաստանի բնակիչների կենսամակարդակը բարձրացնելու համար եւ «Վրաստանը դարձնել բարգավաճ երկիր»:

«Ռոյթերզ» գործակալությունը նշում է, որ հարցախույզների արդյունքների համաձայն, Վրաստանի ընտրողների զգալի մասը այսօրվա դրությամբ նախապատվություն է տալիս Միխեիլ Սահակաշվիլիին, թեպետեւ չի բացառվում, որ կարող է տեղի ունենալ ընտրությունների երկրորդ փուլ:

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը հաղորդել է, որ Վրաստանի խորհրդարանի խոսնակ, նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն հաստատել է Վալերի Գելբախիանիի վերաբերյալ դատախազության հաղորդած տեղեկությունը եւ հավելել, որ մտադիր է գումարել անվտանգության խորհրդի նիստ հեղաշրջման վտանգի հարցը քննարկելու համար:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG