Մատչելիության հղումներ

Արթուր Աղաբեկյան. «Որքան վստահ եմ մեր բանակի, նույնչափ վստահ եմ մեր ժողովրդի վրա»


Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, հակադարձելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի` երեկվա հայտարարությանը, այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ «վստահ է մեր բանակի, մեր ժողովրդի վրա»:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը երեկ Աստանայում հայտարարել էր, թե «քանի դեռ Ադրբեջանի տարածքները օկուպացված են մնում Հայաստանի կողմից` պատերազմի հավանականությունը գրեթե 100 տոկոս է»:

Հարցին, թե պատրաստ է մեր բանակը պատերազմի, Աղաբեկյանը պատասխանեց. - «Որքան վստահ եմ մեր բանակի վրա, նույնչափ վստահ եմ մեր ժողովրդի վրա: Սա պետք է գիտակցի Ադրբեջանի պաշտպանությանը նախարարը: Թող սա գիտակցի Ադրբեջանի ողջ ժողովուրդը»:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարը իր հաշվարկներում սխալվում է. ուղիղ կապ է հաստատում նավթի արտադրության ծավալների եւ իր պաշտպանական կարողությունների, իր զինված ուժերի մարտունակության միջեւ», - շարունակեց պաշտպանության նախկին փոխնախարարը: - «Մեզ պարտադրել են պատերազմ, մենք պարտադրել ենք զինադադար... Մենք հստակ գիտակցում ենք մեր զինված ուժերի դերն ու առաքելությունը այս շրջանում` զինադադար հայտարարելուց առ այսօր: Հստակ գիտակցում ենք նաեւ զինված ուժերի առաքելությունը մինչեւ այն շրջանը, երբ արդեն այլընտրանքը կդառնան ռազմական գործողությունները, երբ խաղաղության պարտադրման այլընտրանքը կդառնան ռազմական գործողությունները: Եվ այստեղ է, որ չեն չափվում թվաքանակներով` զինված ուժերի, բյուջեի գումարի չափով: Այստեղ արդեն միանգամից գալիս են մարտունակության այլ կոմպոնենտներ: Գալիս է հասարակական կարծիք, գալիս են տրամադրությունները հասարակության մեջ...»:

«Հայկական զինված ուժերը նույն չափով շարունակելու են իրականացնել իրենց զսպող առաքելությունը` անկախ տեղակայման վայրից», - եզրափակեց Արթուր Աղաբեկյանը: - «Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունները, կարծում եմ, միայն ներքին սպառման պրոդուկտ են»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG