Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Կոսովոյի կարգավիճակի շուրջ բանակցությունների հերթական փուլը


Այսօր Բրյուսելում մեկնարկում է Կոսովոյի կարգավիճակի շուրջ բանակցությունների հերթական փուլը` սերբական ու ալբանական պատվիրակությունների, Եվրամիությունը, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները ներկայացնող միջնորդների մասնակցությամբ:

Եվրամիության ներկայացուցիչները, այդուհանդերձ, արձանագրում են, որ կողմերի միջեւ առկա տարաձայնությունները հարթելուն ուղղված բոլոր ջանքերն ապարդյուն են: Իրավիճակն ավելի է բարդանում այն պատճառով, որ շաբաթ օրը Կոսովոյում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթեցին ալբանացի ազգայնականները, որոնք չեն բացառում, որ արդեն դեկտեմբերի 10-ին կարող է հռչակվել երկրամասի անկախությունը:

Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով նախարար Ջիմ Մերֆին երեկ Բրյուսելում հայտարարել է. - «Կոսովոն պետք է անկախ կարգավիճակ ունենա: Սակայն դրան չի կարելի հասնել չմտածված ու միակողմանի որոշման միջոցով: Նման որոշումը անպայման պետք է համակարգված լինի միջազգային հանրության հետ»:

Բրիտանացի նախարարի խոսքերով` Եվրամիության համար ընդունելի չէ նաեւ Ռուսաստանի դիրքորոշումը, որը բազմիցս հայտարարել է, թե կարգելափակի Կոսովոյին անկախություն շնորհող ցանկացած որոշում:

«Կոսովոն` Եվրոպային նետված մարտահրավեր է: Ուստի մենք չենք կարող խնդրել Միացյալ Նահանգներին, որ ամերիկացիները գան եւ մեր փոխարեն գտնեն այդ հարցի լուծումը», - հայտարարել է Մերֆին եւ ընդգծել. - «Կոսովոյին համակարգված ձեւով անկախություն շնորհելը եվրոպացիների պատասխանատվության ներքո գտնվող հարց է»:

Այսօր մեկնարկող բանակցությունների շեմին Եվրամիության միասնական մոտեցումն է արտահայտել Lյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը. - «Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը կարող է շատ վատ հետեւանքներ ունենալ: Այդ քայլը հաստատ չի նպաստի բանակցությունների հաջող ընթացքին»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG