Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 17-ը նոյեմբերի)


«Չորրորդ իշխանություն» թերթի հարցազրույցում գնահատելով ներքաղաքական իրավիճակը` քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը շեշտադրել է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանի պայքարի մեջ մտնելուց հետո Սերժ Սարգսյանը հայտնվեց խաղի բոլորովին այլ դաշտում, որովհետեւ Տեր-Պետրոսյանը հրապարակային գործիչ է, եւ պարզ է, որ նա գյուղապետերին չի գնելու, այլ աշխատելու է բոլորովին այլ կերպ՝ գաղափարական դաշտում, նա առաջ է տանում իդեալոգիա եւ փորձում է Սերժ Սարգսյանին եւս քաշել այդ դաշտ։ Տեր-Պետրոսյանն իր գաղափարախոսությունը կառուցում է այն բանի վրա, որ պետության այսօրվա կուրսը շատ սխալ է, երկիրը գնում է կործանման, եւ եթե սիստեմը չկազմաքանդվի, ապա երկիրն ապագա չունի»։ Թերթի հարցին, թե «կգնա՞ Սերժ Սարգսյանը այդ բանավեճին», Իսկադարյանը պատասխանել է. - «Գիտեք, Սերժ Սարգսյանը դրան կարող է պատասխանել տարբեր կերպ. ասենք, լռել կամ հազար ու մի պատասխան տալ՝ խախտելով որոշակի «դոստուպները»... ինչը նույնպես իդեալոգիա է»։ Քաղաքագետի համոզմամբ` Սերժ Սարգսյանի գաղափարախոսությունն էլ հետեւյալն է. - «Այո, կան սխալներ, սակայն պետությունն ինչ անում է, ընդհանուր առմամբ, ճիշտ է, եւ մենք ճիշտ ուղու վրա ենք, պայքարելու ենք կոռուպցիայի, ստվերայնության դեմ»: «Սա նույնպես իդեալոգիա է», - եզրափակել է քաղաքագետը։

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից նախագահի աթոռը ընդամենը երեք տարով զբաղեցնելու մտադրությանը, գնահատել է. - «Դա ընդդիմության համախմբման մեխանիզմ է։ Եվ առաջին նախագահի առաջարկությանը ընդդիմադիր դաշտում գործողների արձագանքը պետք է յուրահատուկ լակմուսի թուղթ լինի՝ բացահայտելու, թե ով է իսկապես կողմնակից, որպեսզի այսօրվա արատավոր համակարգը հեռացվի. այսինքն՝ ով է իսկապես ընդդիմադիր եւ ընդդիմադիր չէ։ Սա այն մեխանիզմն է, որը կօգնի ի մի բերել իրական ընդդիմադիր դեմքերին եւ բացահայտել այն դեմքերին, ովքեր ուզում են մասնակցել նախագահական ընտրություններին ընդդիմադիր դաշտը աղճատելու ու ընտրազանգվածին ապակողմնորոշելու համար»։

«Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը ընդգծել է. - «Սնափառության այն տոնավաճառը, որ ստեղծվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ, հուշում է, որ նրան շրջապատող որոշ մարդկանց մեջ տեսլականը գերազանցում է իրականության զգացումին, այնքան, որ երբ նրանց պատվիրվում է ծափահարել, նրանք դա հասկանում են ծնկաչոք երկրպագել»։ «Սա հենց այն է, ինչ կոչվում է արջի ծառայություն, եւ եթե նախկին նախագահը որոշել է իրեն շրջապատել նման ծառայամիտներով եւ իր մասնակցությամբ հանրահավաքների գնահատականը ճշտել նրանց չափորոշիչներով, ուրեմն նրա գալուստը իսկապես դատապարտված է ձախողման», - գրել է մեկնաբանն ու հավելել. - «Սակայն, նախկին նախագահը այսօրվա երիտասարդը չէ եւ լավ գիտի լրջանալու պահը։ Եվ այն, ինչ նրա համար դիտվում է առաքելություն, արդյունքում կարող է վերածվել ձախողված աճպարարության։ Այդ դեպքում երկրի նախկին նախագահին դեռ նույնիսկ մի անգամ չներած ժողովուրդը նրան երկրորդ անգամ կխարանի ընդմիշտ»։

«Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Արտակ Դավթյանը պնդել է. - «Վերջին տասը տարիներին արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշները վկայում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն պնդումները, թե Հայաստանը չի կարող դիմանալ նավթի պաշարների վրա հիմնված Ադրբեջանի տնտեսական աճի ճնշմանը, ուստի պետք է արագ լուծվի Լեռնային Ղարաբաղի հարցը, սնանկ դուրս եկան»։ Ըստ հանրապետական պատգամավորի, «կյանքը ցույց տվեց, որ Տեր-Պետրոսյանի պատկերացումները ճիշտ չէին, թեեւ այսօր էլ նա առաջ է քաշում իրականությունից լրիվ կտրված նույն միտքը»։ «Չի բացառվում, որ ժամանակին հատուկ էր այդպես արվում` համոզելու հասարակությանը, թե Լեռնային Ղարաբաղի հարցի արագ լուծումը այլընտրանք չունի», - ասել է Արտակ Դավթյանը:

«168 ժամ» թերթին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ արդեն երկու շաբաթ է՝ Հարկային պետական ծառայության համապատասխան վարչության աշխատակիցները ստուգումներ են անցկացնում Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող Չարենցավանի տրիկոտաժի ֆաբրիկայում, «Զարգացման հայկական բանկում» եւ «Հարսնաքար» հյուրանոցային եւ ռեստորանային համալիրներում, գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա ցեմենտ» ընկերությունում, Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանին պատկանող գաջի գործարանում։ «Օրերս «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանի որդին՝ ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը նշել էր, որ իրենց ընտանիքին պատկանող ընկերություններում էլ են հարկային մարմինները ստուգումներ սկսել», - հավելել է թերթը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG