Մատչելիության հղումներ

Միջազգային ճգնաժամային խումբը Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է անում դադարեցնել սպառազինությունների աճը


Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է դադարեցնեն սպառազինությունների վտանգավոր աճը, զսպեն իրենց ռազմաշունչ հայտարարությունները: Lեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր հերթական զեկույցում նման համոզմունք է հայտնում Միջազգային ճգնաժամային խումբը, փոխարենը առաջարկելով վերականգնել ջանքերը` բանակցությունների միջոցով գտնելու համար հակամարտության կարգավորումը:

«Նավթից ստացված գումարները Ադրբեջանին նոր հնարավորություն են տալիս ուժեղացնելու բանակը: Հայաստանը զարմացնում է տնտեսական աճով, ինչը հնարավորություն է տալիս ավելացնել սեփական ռազմական ծախսերը, եւ ոչ մեկը չի կարծում, թե փոխզիջումների գնալու ժամանակն է», - ասված է զեկույցում:

«Միջազգային հանրությունը պետք է լրջորեն մտածի պատերազմի սպառնալիքի մասին», - հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի կովկասյան բաժնի ղեկավար Մագդելենա Ֆրիչովան: Նրա խոսքերով` «ռազմական հակամարտության ռիսկը աճում է»:

Ըստ զեկույցի` դիվանագիտական ճանապարհով առաջընթացի հասնելու համար կողմերին չի բավարարում քաղաքական կամքը: «Անցած մի քանի տարիների ընթացքում երկու երկրների ղեկավարները իրենց երկրների հասարակություններին հետ են շրջել` նրանց տրամադրելով փոխզիջումների դեմ եւ միաժամանակ ավելացնելով ռազմական ծախսերը: Երկու միտումներն էլ պետք է փոփոխել», - ընդգծում է Միջազգային ճգնաժամային խումբը:

Զեկույցն անդրադարձել է նաեւ երկու երկրներում սպասվող ընտրություններին` արձանագրելով. - «Ադրբեջանի եւ Հայաստանի ընտրությունները 2008 թվականին դժվարացնելու են քաղաքական որոշում ընդունելու հնարավորությունը, այնպես որ` կողմերը պետք է վերացնեն մնացած անհամաձայնությունները եւ հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնեն մինչեւ ընտրությունները»:

Միջազգային ճգնաժամային խումբը գտնում է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները եւ միջազգային հանրությունը պետք է համակարգեն ջանքերը, ներազդելու երկու երկրների վրա` առաջընթացի հասնելու համար:

«Խաղաղության համար միջազգային հանրությունը պետք է ավելի ուժեղ ճնշում գործադրի, որպեսզի փոխզիջումները ավելի շուտ ձեռք բերվեն», - հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG