Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետը կմեկնի Բաքու


«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հաջորդ շաբաթ կմեկնի Բաքու, որտեղ նոյեմբերի 17-19-ը անցկացվելու է «Թրքալեզու ժողովուրդների բարեկամության, եղբայրության եւ համագործակցության» 11-րդ համագումարը:

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ համագումարի հանդիսավոր բացմանը ներկա կլինեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելը, թրքալեզու երկրներից ժամանած բարձրաստիճան այլ քաղաքական, հասարակական գործիչներ, արտասահմանյան երկրներում թուրքական եւ ադրբեջանական համայնքների, մշակութային կենտրոնների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համագումարին կմասնակցեն 550 պատվիրակներ Թուրքիայից, Ադրբեջանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Ռուսաստանի Դաշնության մաս կազմող Չուվաշիայից, Դաղստանից: Մասնակիցների թվում կլինեն նաեւ Կոսովոյի, ԱՄՆ-ի, Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ այլ երկրների պատվիրակները:

Համագումարի օրակարգում գիտության, կրթության, մշակույթի, առեւտրի, զբոսաշրջության բնագավառներում թրքալեզու երկրների համագործակցության ընդարձակման հարցերն են:

Նախատեսվում է, որ մասնակիցները կանդրադառնան «թուրքական աշխարհին անհանգստացնող Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Իրաքում եւ Աֆղանստանում թրքալեզու բնակչության վիճակի, Հյուսիսային Կիպրոսը միջազգային շրջափակումից դուրս բերելու խնդիրներին»:

Ենթադրվում է նաեւ, որ համագումարը կդատապարտի Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քննարկելու նախաձեռնությունը:

Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, թրքալեզու ժողովուրդների համագումարները անցկացվում են 1993 թվականից: Նախկին բոլոր համագումարներն անցկացվել են Թուրքիայում, սակայն անցյալ տարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն առաջարկել է 11-րդ համագումարն անցկացնել Բաքվում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG