Մատչելիության հղումներ

Ռոբերտ Մյուլերը խոսել է հայկական հանցախմբերի մասին


Հանցագործները Ասիայից, Հայաստանից, Ալբանիայից եւ Ռուսաստանից «գլխավոր դերակատարներ» են դարձել Միացյալ Նահանգների հանցաշխարհում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ռոբերտ Մյուլերը երեքշաբթի օրը Փենսիլվանիայի պետական քոլեջում ունեցած ելույթում:

Նրա խոսքերով, այդ հանցախմբերը ներգրավված են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի «լվացման», մարդկանց թրաֆիքինգի, առողջապահության ոլորտում կեղծիքների մեջ, զբաղվում են շանտաժով:

Մյուլերի փոխանցմամբ, հայկական կազմակերպված հանցավորությունը արմատներ է ձգել, մասնավորապես, Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքում: Սպանության չբացահայտված դեպքերի թիվը այստեղ մեծ է, առատ են կեղծիքների, կաշառակերության, վկաների ահաբեկման փաստերը:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենը տեղեկացրել է, որ Լոս Անջելեսի եւ Գլենդեյլի ոստիկանության, շերիֆի ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում հայկական կազմակերպված հանցավորության դեմ պայքարող օպերատիվ խմբում:

«Մենք միասին պայքարում ենք փողոցային հանցավորության դեմ եւ միաժամանակ ամբողջ կազմակերպությունները կազմալուծելու համար անհրաժեշտ հետախուզական տվյալներ ենք հավաքում: Նման խմբեր մենք ունենք Նյու Յորքում, Չիկագոյում, Դենվերում եւ Դեթրոյթում», - ասել է Ռոբերտ Մյուլերը:

Ընդ որում, նա ընդգծել է, որ այդ աշխատանքը չի սահմանափակվում Միացյալ Նահանգներով. - «Իրավական հարցերով մեր կցորդները աշխատում են Հայաստանում իրենց գործընկերների հետ` ճշտելու համար Միացյալ Նահանգներ ժամանողների եւ այստեղից մեկնողների անձը»:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենը վկայակոչել է այն օրինակը, երբ Գլենդեյլի բնակիչ Արթուր Խանզադյանը 2005 թվականի սեպտեմբերին սպանել էր իր ընկերուհուն եւ մեկնել Հայաստան, սակայն ամերիկյան կողմի համապատասխան ծանուցումից հետո հայաստանցի իրավապահները ձերբակալել են նրան եւ սպանության մեղադրանք առաջադրել: 2006 թվականի օգոստոսին Խանզադյանը դատապարտվել է տեւական ժամկետով ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG