Մատչելիության հղումներ

Էրդողանը ողջունում է թիվ 106 բանաձեւը Ներկայացուցիչների պալատի օրակարգում չընդգրկելու որոշումը


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ողջունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի քննարկումը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրակարգում չընդգրկելու` ամերիկացի օրենսդիրների որոշումը:

Այդ մասին նա խոսել է երեկ Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի հետ հանդիպումից հետո՝ հայտարարելով. - «Այսպես կոչված ցեղասպանությունը մեր ռազմավարական համագործակցությունը խորապես վնասելու ունակություն ունի»:

Ամերիկյան Մամուլի ազգային ակումբում Էրդողանը նաեւ ասել է. - «Մենք պատրաստ ենք մեր պատմության հետ հաշվի նստել, բայց մեր փաստաթղթերը ցույց են տալիս, որ որեւէ այդպիսի ցեղասպանություն չի եղել, մեր դավանած արժեքները թույլ չեն տալիս ցեղասպանություն գործել: Ով այդ մասին հայտարարում է, պետք է ապացուցի դա»:

Թուրքիայի վարչապետը մեկ անգամ եւս Հայաստանի կառավարությանն առաջարկել է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել՝ ցեղասպանության լինելության հարցն ուսումնասիրելու համար:

Էրդողանի հետ Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո Բուշը Քրդական աշխատավորական կուսակցությանը բնորոշել է որպես «ահաբեկչական կազմակերպություն» եւ ասել, թե այն ոչ միայն Թուրքիայի, այլեւ ազատ Իրաքի, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների թշնամին է:

ԱՄՆ-ի նախագահը Թուրքիայի վարչապետին հավաստիացրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ավելի ակտիվ գործել Քրդական աշխատավորական կուսակցության մարտական ջոկատները հյուսիսային Իրաքում չեզոքացնելու համար:

Էրդողանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար, սակայն չի արել որեւէ ակնարկ, որը թույլ կտար ենթադրել, թե Բուշն իրեն համոզել է հրաժարվել ռազմական գործողությունների տարբերակից: Նա ասել է, որ Թուրքիայի գործադիր իշխանությունը խորհրդարանի կողմից ստացել է սահմանամերձ գոտիներում սահմանափակ գործողությունների թույլտվություն, որի թիրախը միայն Քրդական աշխատավորական կուսակցությունն է. - «Այդ գործողությունները որեւէ կերպ չեն կարող կիրառվել խաղաղ բնակչության նկատմամբ»:

Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման արդյունքում կողմերը վճռել են մարտական եռակողմ ձեւաչափով վնասազերծել քուրդ ապստամբներին: Ջորջ Բուշի փոխանցմամբ, դա ենթադրում է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի բարձրաստիճան զինվորականների, ինչպես նաեւ Իրաքում ամերիկյան ուժերի հրամանատար, գեներալ Դեյվիդ Փեթրեուսի սերտ համագործակցություն:


Ռուզան Խաչատրյան, Երեւան եւ Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG