Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը «համաձայն չէ նախկին նախագահի քննադատության հետ»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ համաձայն չէ Ղարաբաղի հարցում ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության քննադատությանը, որ հոկտեմբերի 26-ի հանրահավաքում հնչեցրել էր երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հանրահավաքի իր ելույթում Տեր-Պետրոսյանը, նշելով նաեւ արտգործնախարար Օսկանյանի անունը, ասել էր. - «Հայաստանի իշխանությունները տասը տարի շարունակ, աշխարհին հիմարի տեղ դրած, ձեւացրել են, թե անկեղծորեն շահագրգռված են Ղարաբաղի հարցի շուտափույթ կարգավորմամբ՝ իրականում, սակայն, հետապնդելով բոլորովին այլ նպատակ, այն է՝ ամեն կերպ խափանել ու վիժեցնել այդ գործընթացը»:

«Ճիշտ է իմ անունը նշվեց, բայց ես սա անձնական մեղադրանք կամ քննադատություն չեմ ընդունում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վարդան Օսկանյանը: - «Բայց, համենայն դեպս, քննադատություն է վարված քաղաքականությանը: Միանշանակորեն ասեմ, որ համաձայն չեմ քննադատության հետ»:

«Ժամանակը կգա, եւ կարծում եմ, որ դա շուտով կլինի, կետ առ կետ այդ բոլորին կարելի է պատասխանել, որպեսզի ժողովուրդը կարողանա ավելի լավ հասկանալ եւ իր եզրակացությունները անել», - եզրափակեց նախարարը:

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկայիս իրավիճակի մասին հարցին, արտգործնախարարը ասաց. - «Համանախագահների վերջին գնահատականները մի քիչ ավելի լավատեսական են, քան իրականությունը կա, բայց այդքան էլ հեռու չէ: Փաստաթղթի բովանդակությունից միայն դատելով` կարելի է հանգել այն եզրակացության, որ հնարավոր է հասնել հարցի, ոչ թե ամբողջական կարգավորման, համենայն դեպս` այդ փաստաթղթում տեղ գտած սկզբունքների շուրջ համաձայնության: Բայց երբ դատում ես, թե իրական կյանքում, բանակցությունների շրջանակից դուրս Ադրբեջանը ինչպիսի գործողություններ է վարում, միջազգային ատյաններում ինչպիսի դիրքորոշում է որդեգրում եւ ամենաբարձր մակարդակով ինչպիսի հայտարարություններ է անում... այդ բոլորից կարելի է անմիջապես հանգել այն եզրակացության, որ Ադրբեջանը այսօր պատրաստ չէ հասնել այդ փաստաթղթի շուրջ համաձայնության»:

Հարցին, թե համաձա՞յն է պաշտոնում մնալ այնքան, որպեսզի ներկա լինի փաստաթղթի ստորագրմանը կամ ինքը ստորագրի փաստաթուղթը, Վարդան Օսկանյանը արձագանքեց. - «Իհարկե, ես կուզենայի իր ավարտին հասցնել մի գործ, որին մասնակցություն եմ ունեցել առաջին օրվանից: Բայց այդ ավարտը երբ կլինի` դժվար է ասել... Սպասենք ընտրություններին: Արդյունքներից հետո, ելնելով կարիքներից, ես իմ որոշումը կկայացնեմ: Բայց ինձ համար մի բան միանշանակ է, որ կարիքը ուր որ զգացվի, ես պատրաստ եմ իմ մասնակցությունը բերել եւ իմ փորձը դնել գործի` ի օգուտ հայրենիքի»:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG