Մատչելիության հղումներ

Մահվան դատապարտվածն ամուսնանում է


Սաուդյան Արաբիայում սպանության համար մահվան դատապարտված մի բանտարկյալ այսօր ամուսնանալու է:

Հանդիսավոր արարողությունը բաղկացած է երկու մասից. դատապարտյալին եւ նրա ապագա կնոջը թույլ կտան ամուսնության ծես կատարել հանցագործի հայրական տան մոտ գտնվող մի սրահում, որտեղ ներկա կլինեն նորապսակների ազգականները եւ ընկերները, ապա բանտում տեղի կունենա երկրորդ արարողությունը` իրավապահների, հարսի հոր եւ մահմեդական հոգեւոր սպասավորի ներկայությամբ:

Այդ արարողությունից հետո բանտի ադմինիստրացիան նորապսակներին կտրամադրի բնակարան, որտեղ նրանք կանցկացնեն առաջին գիշերը:

Մարդասպանի մահապատիժն ի կատար է ածվելու 3 տարի անց: DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, նրան Սաուդյան Արաբիայում գործող մահմեդական օրենքի՝ շարիաթի համաձայն գլխատելու են: Մինչ այդ դատապարտյալին թույլ կտան ամսական 4 անգամ բանտի տարածքում գտնվող բնակարանում հանդիպել կնոջը:

Հարսնացուն մահվան դատապարտված եւ նույն բանտում գտնվող մեկ այլ հանցագործի դուստրն է: Նրան էլ են ապագայում գլխատելու: Այսօր նա իր բոլոր բախտակիցներին կոչ է արել իրենց չամուսնացած դստրերին ամուսնացնել բանտարկյալների, նույնիսկ` մահվան դատապարտվածների հետ, քանի որ Սաուդյան Արաբիայում մահապատիժը երբեմն ի կատար է ածվում դատավճռի կայացումից 15 տարի անց:

Այսօր ամուսնացող մարդասպանը հատուկ ուղերձով դիմել է իր զոհի ազգականներին` հայտարարելով, որ զղջում է սպանության համար եւ հույս հայտնելով, որ նրանք ապագայում, երբ ի կատար կածվի իր դատավճիռը, չեն փորձի վրեժխնդիր լինել իր ընտանիքից:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG