Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հանրապետության նախագահի պաշտոնում Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հայտի քաղաքական հետեւանքներին անդրադառնալով` «Ազգ» թերթի մեկնաբանը շեշտադրել է. - «Այն ժողովուրդը, որը տեսել է Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանի անմարդկային կենսակերպը, այն ժողովուրդը, որ տեսել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակների անարդարությունները, այսօր կանգնել է մի ընտրության առաջ, որը տագնապ ստեղծելուց բացի, ոչինչ չի կարող նշանակել»: «Սարսափելի է լսել ներկաների եւ նախկինների` երկուստեք հնչեցրած մեղադրանքները, որոնցից հասարակ քաղաքացին, ով ոչ մի շահով որեւէ մեկի շրջանակներին շաղկապված չէ եւ ապրում է իր օրվա հացի խնդիրը լուծելով, կարող է միայն մտատանջվել, որ իր ընտրությունը, ըստ էության, այս երկուսի մեջ է լինում», - բխեցրել է մեկնաբանը:

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, նախընտրական տեխնոլոգիաները դիտարկելով, ընդհանրացրել է. - «Բոլոր երկրներում իշխանությունը շահագրգռված է հնարավորինս շատ թեկնածուներ ունենալ ընտրություններում` ընդդիմադիր ընտրազանգվածը ջլատելու համար»: Նման պայմաններում, ըստ գլխավոր խմբագրի, «առնվազն երկիմաստ վիճակում են հայտնվում հենց «մնացած» ընդդիմադիրները, որոնք, գիտակցաբար կամ ոչ, վաճառքի են հանում իրենց էլեկտորատի ձայները»: «Այդ ընդդիմադիրները կարող են վերջին խոսքով հայհոյել իշխանություններին, բայց նրանց «անվնաս» եւ «ոչ վտանգավոր» լինելու հանգամանքը պարզ է դառնում կա’մ ընտրությունների ընթացքում, կա’մ, վատագույն դեպքում, դրանցից հետո` կախված նրանց դերասանական ունակություներից», - եզրափակել է խմբագրականը:

«Հայոց Աշխարհ»-ը, փորձելով հերքել Լեւոն Տեր-Պետրոսյանի` ղարաբաղյան խնդրին վերաբերող կանխատեսումները, շեշտադրել է. - «1998-ին հրաժարական տված Տեր-Պետրոսյանի 10-ամյա լռության միակ բանականորեն ընկալելի շարժառիթը Ղարաբաղի հարցով իր արտահայտած տեսակետների ու բանդագուշանքների իրականություն դառնալու տարբերակն էր, եւ դրանից հետո նա, իսկապես, բարոյական իրավունք կունենար վերադառնալ քաղաքական ասպարեզ ու, հիշեցնելով այդ մասին, հավակնել քաղաքական իշխանության»։ «Քանի որ անցած 10-ամյակում, բարեբախտաբար, Տեր-Պետրոսյանի գուշակություններն ու հաշվարկները իրականություն չեն դարձել, ապա ակնհայտ է, որ նրա ներկա քաղաքական հայտը կորցնում է իր հիմնավորումը՝ վերածվելով իշխանության վերադառնալու պարզունակորեն օգտապաշտական ցանկության», - եզրակացրել է մեկնաբանը:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների համաձայն, հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանը կազմակերպել է իշխանական վերնախավի հավաք, որին «մասնակցել են իշխանության գրեթե բոլոր օղակների պատասխանատուները, ովքեր այսպես թե այնպես մասնակցելու են Սերժ Սարգսյանի նախընտրական արշավին»։ Թերթի փոխանցմամբ, այդ հանդիպման ընթացքում «մանրամասն քննարկվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օրեցօր աճող ազդեցությունը ներքաղաքական գործընթացների վրա: Հաշվի առնելով դա՝ առաջարկ է հնչել գնալ արտահերթ նախագահական ընտրությունների»։ «Սակայն, ներկաները եկել են այն եզրակացության, որ այս տարբերակը այլեւս չափազանց ռիսկային է», - հավելել է թերթը։

«Տարեգիր» թերթը, ընդդիմության միասնական թեկնածու ընտրելու չափանիշ առաջարկելով, նկատել է. - «Մինչ իշխանասուն սոցիոլոգները կփորձեն հնարավորինս աղավաղել թեկնածուների իրական վարկանիշները, «սոցիոլոգիական» այդ հարցումները վաղուց արդեն մեր քաղաքացիների վրա որեւէ ազդեցություն չունեն, որովհետեւ արդեն բոլորն էլ գիտեն, որ այդ թվերը նկարվում են ճիշտ այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ որ ընտրությունների արդյունքներն են նկարվում»։ «Այնպես որ», - եզրակացրել է թերթը, - «առաջին ու վերջին միակ չափորոշիչը լինելու են նախընտրական հանրահավաքները, եւ եթե Տեր-Պետրոսյանի հանրահավաքներն իրենց մարդաշատությամբ եւ բովանդակությամբ էապես գերազանցեն մյուս ընդդիմադիրների հանրահավաքներին, եւ եթե այդքանից հետո էլ ընդդիմության մյուս լիդերները չհանեն իրենց թեկնածությունը, կնշանակի՝ նրանք իսկապես կատարում են իշխանության պատվերը»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG