Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 27-ը հոկտեմբերի)


Անդրադառնալով նախորդ օրը Երեւանի Ազատության հրապարակում կայացած հանրահավաքին` «Ժամանակ Երեւան»֊-ը գրում է. - «Ըստ տարբեր հաշվարկների՝ հանրահավաքի մասնակիցների թիվը տատանվում էր 30-֊40 հազարի սահմաններում: Այս հանրահավաքը եւ դրա բազմամարդությունը ցույց տվեց եւս մեկ բան՝ Տեր֊-Պետրոսյանը իրեն սատարող ուժերի, մասնավորապես՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ կարող է դառնալ ընդդիմության ծանրության կենտրոնը, քանի որ որեւէ այլ ընդդիմադիր կուսակցություն չի կարող Ազատության հրապարակում նման քանակությամբ մարդ հավաքել»:

«Հայկական ժամանակ»֊-ի մեկնաբանը կարծիք է հայտնում. - «Հոկտեմբերի 26֊-ի հանրահավաքը աչքի էր ընկնում լսարանի բարձր որակով. ի հեճուկս կանխատեսումների, այստեղ գրեթե չկային «պարապ մարդիկ», ովքեր եկել էին ժամանակ սպանելու: Հրապարակում գտնվում էին քաղաքացիներ, որոնք ուզում էին լսել եւ հասկանալ, ավելին՝ քննադատաբար մոտենալ Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածներին: Եվ պետք է խոստովանել, որ Հայաստանի առաջին նախագահը իսկապես համոզիչ ելույթ ունեցավ, որը բավարարեց անգամ նրա ամենալուրջ քննադատների պահանջները: Լեւոն Տեր-֊Պետրոսյանի ելույթը տեւեց մոտ մեկուկես ժամ, եւ 60 հազար ներկաներից որեւէ մեկը ոչ միայն այդ ընթացքում տեղից չշարժվեց, այլեւ նրա ելույթի ընթացքում հրապարակում տիրում էր անհավանական լռություն: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ հիմա Հայաստանում սկսվում է նոր համաժողովրդական շարժում՝ Լեւոն Տեր-֊Պետրոսյանի գլխավորությամբ»:

«Հայոց Աշխարհ»֊-ը մեկնաբանում է. - «Տեր-Պետրոսյանը, մտնելով նախագահական ընտրապայքարի մեջ, լավ է հասկանում, որ երկրում գոյություն ունեցող ուժերի հարաբերակցության պայմաններում ինքը չունի 2008-ի փետրվարին հաղթելու որեւէ իրական հնարավորություն։ Հետեւաբար, քաղաքական շանտաժի միջոցով անհրաժեշտ է կազմալուծել ու քանդել գոյություն ունեցող իշխանական համակարգը՝ նախքան ընտրությունները։ Իսկ եթե այդ փորձը ձախողվի էլ, միեւնույն է, «Հոկտեմբերի 27»-ի գործի պահանջատիրոջ ու հալածյալի լուսապսակը արդեն ապահովված է նրա համար»։

«Առավոտ»֊-ը իր խմբագրականում կանխատեսում է. - «Ոչ մի կասկած չկա, որ այն հակաքարոզչությունը, որը 10 տարի վարվում էր Տեր-֊Պետրոսյանի եւ նրա համախոհների դեմ, կդառնա հարյուրապատիկ ավելի կատաղի ու անսքող: Մասնավորապես, 17 «պատասխանատու» հեռուստաընկերությունները, բացառությամբ, թերեւս, «Երկիր մեդիա»֊-ի, վերջնականապես մոռանալով ժուռնալիստիկայի տարրական օրենքների մասին, ոչ մի բան չեն մեջբերի նախկին նախագահի ասածներից, բայց լիուբոլ կհեռարձակեն պախարակող մեկնաբանություններ, հիմնականում՝ «ցրտի ու մթի» շեշտադրումներով»:

«Ազգ»-֊ը հայտնում է. - «Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ՀՀՇ-ն շատ վատ ժառանգություն է թողել եւ պատասխանատվություն է կրում Հայաստանի տնտեսությունը քայքայելու համար: Ըստ Հայաստանի նախագահի, «միամտություն կլինի կարծել, թե ժողովուրդը մոռացել է այն տարիները, երբ այդ կուսակցությունը իշխանության էր»: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, Հայաստանի տնտեսությունը վերականգնվել է, եւ ՀՀՇ-ն երեւի մտածում է, որ նոր թալանի հնարավորություն է բացվում: «Կարծում եմ, դրա համար են ներքաշում առաջին նախագահին այս պայքարի մեջ` ռեսուրսը ինչ-որ ձեւով ընդլայնելու մտայնությամբ»,֊ - ասել է Ռոբերտ Քոչարյանը: Ըստ Քոչարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններում ընդդիմության հիմնական թեկնածուն չի լինելու: «Համենայն դեպս, այսօր ուսումնասիրությունները պարզել են, որ կան առնվազն 2-3 ընդդիմադիր գործիչներ, որոնք նրանից բարձր վարկանիշ ունեն», - կարծիք է հայտնել Հայաստանի գործող նախագահը նախկին նախագահի մասին»:

Իսկ «Ժամանակ Երեւան»֊-ի թղթակիցն այսպիսի պահ է նկատել ուրբաթ օրվա հանրահավաքում. - «Տեր-֊Պետրոսյանին համակ ուշադրությամբ հետեւում էին անգամ «Սիլ Գրուպ» ընկերության հիմնադիր նախագահ Խաչատուր Սուքիասյանին ուղեկցող «սափրագլուխները» եւ անկեղծ ուրախանում, երբ հանրահավաքի ընթացքում հիշատակվում էր սափրագլուխների կատարած անօրինականությունների մասին»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG