Մատչելիության հղումներ

Թիվ 106 բանաձեւի քվեարկությունը հետաձգվում է


Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւը նախաձեռնող կոնգրեսականները Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին հասցեագրած նամակով առաջարկել են միառժամանակ հետաձգել նախագծի քվեարկությունը պալատի լիագումար նիստում:

«Ռոյթերզ» լրատվական գործակալությունը նշում է, որ բանաձեւի չորս հիմնական հովանավորները՝ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Աննա Էշուն Կալիֆորնիայից եւ Ֆրենկ Փալոնը Նյու Ջերսիից, Նենսի Փելոսիին խնդրել են «այս պահին չսահմանել բանաձեւի քվեարկության ժամկետ»` հավելելով, որ «քվեարկությունը կարող է տեղի ունենալ այս տարի ավելի ուշ, կամ 2008 թվականին»:

Թիվ 106 բանաձեւը հոկտեմբերի 10-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում ընդունվել է քվեների 27 կողմ եւ 21 դեմ հարաբերակցությամբ: Դրանից հետո պաշտոնական Անկարան սպառնացել է սահմանափակել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը ռազմական ասպարեզում, հայտարարել է, թե «թուրք - ամերիկյան հարաբերությունները կարող են անդառնալի վնաս կրել», եւ «խորհրդակցությունների համար» հետ էր կանչել Վաշինգտոնում իր դեսպանին:

Բանաձեւի ընդունմանը դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը, պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, նախկին պետքարտուղարներ եւ պաշտպանության նախարարներ, մի շարք հեղինակավոր քաղաքական գործիչներ եւ Անկարայի շահերը պաշտպանող լոբբիստներ:

«Մենք համոզված ենք, որ մեր գործընկերների մեծամասնությունը ցանկանում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին հավանություն տալ լիագումար նիստում, նրանք դա կանեն ավելի բարենպաստ ժամանակ», - ասված է խոսնակ Փելոսիին չորս կոնգրեսականների հասցեագրած նամակում:

«Ռոյթերզ»-ի հաղորդագրության համաձայն, Փելոսիի խոսնակը հայտնել է, որ Ներկայացուցիչների պալատի ղեկավարն ընդունել է չորս կոնգրեսականների փաստարկները: «Ռոյթերզ»-ը նշում է, որ անձամբ Փելոսին սատարում է թիվ 106 բանաձեւին:

Կոնգրեսականներին հասցեագրած նամակում Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը գրել է, թե «փոխզիջումների ճանապարհով ամերիկան շահերը ապահովելու փորձերը շատ արագ կհանգեցնեն ձախողումների արտաքին քաղաքականության ասպարեզում»:

«Նպաստելով ցեղասպանության փաստը հերքելու` Թուրքիայի ջանքերին, Ամերիկան խարխլում է Մերձավոր Արեւելքում եւ ամբողջ աշխարհում դրական ազդեցություն տարածողի իր դիրքը», - գրել է Համբարյանը:

Միաժամանակ, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրենը համոզմունք է հայտնել, որ երբ Թուրքիայի սպառնալիքների հետեւանքով առաջ եկած շփոթվածությունն անցնի, Կոնգրեսում կստեղծվի երկկուսակցական է’լ ավելի հզոր մեծամասնություն, որը կընդվզի վախեցնելու եւ ահաբեկելու թուրքական քաղաքականության դեմ եւ կընդունի մարդու իրավունքների պաշտպանության ոգուն համապատասխանող թիվ 106 բանաձեւը:

Համբարյանն իր նամակում նշել է նաեւ, որ ամերիկահայությունը հարգանքով եւ երախտագիտությամբ է գնահատում այս խնդրում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի, Ադամ Շիֆի, Ջորջ Ռադանովիչի, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Ջո Նոլենբերգի, բանաձեւի աջակիցներ Բրեդ Շերմանի, Էդ Ռոյսի, Աննա Էշուի եւ Թադեուս ՄըքՔոթերի գործադրած ջանքերը:

«Լոս Անջելես Թայմս» օրաթերթի փոխանցմամբ, Գլենդեյլում բնակվող հայերն ընդհանուր առմամբ ըմբռնումով են արձագանքել բանաձեւի քվեարկությունը հետաձգելու որոշմանը:

«Մենք հասկանում ենք, որ Ամերիկան դա չի կարող անել արտաքին քաղաքականության պատճառով, մենք էլ ենք ամերիկացիներ, մենք այստեղ ենք ապրում», - ասել է գլենդեյլցի Ռիտա Դեմիրճյանը եւ համոզմունք հայտնել, որ միեւնույն է` վաղ թե ուշ բանաձեւը կընդունվի:

Սուրբ Պետրոս եկեղեցու սպասավոր Վազգեն Մովսիսյանը, իր հերթին, ասել է. - «Դա ընդամենը ապացուցում է, որ արդարությունը` խաղ է: Նախագահ Բուշը վերջերս Կոնգրեսի ոսկե մեդալ է շնորհել Դալայ Լամային եւ դույզն իսկ չի մտածել, թե վիրավորանք է հասնում ամբողջ Չինաստանին: Հիմա այստեղ կա մի խոսք՝ «ցեղասպանություն», որը վիրավորական է Թուրքիայի համար: Եվ նրանք անմիջապես ետ են քաշվում: Սա է քաղաքականությունը: Փաստորեն, ԱՄՆ-ը դարձել է Թուրքիայի պատանդը»:

Հայ առաքելական եկեղեցու սպասավորն ասել է, թե որպես հայ` հույս չուներ, որ բանաձեւը կընդունվի, սակայն որպես ամերիկացի` ցանկանում էր տեսնել, թե ինչպես է իր երկիրը հստակ հայտարարում` «Այո, դա ցեղասպանություն էր»:

«Էլ ո՞վ մեր երկրի հանդեպ վստահություն կունենա, եթե չենք համարձակվում ասել` «այո, դա ցեղասպանություն էր», - «Լոս Անջելես Թայմս»-ին ասել է Վազգեն Մովսիսյանը:

Թերթը վկայակոչել է նաեւ գլենդեյլցի Վիգեն Փափազյանին, ով շեշտել է, որ հայերը կենսունակ եւ չընկճվող ժողովուրդ են:

«Այն, որ լիագումար նիստում բանաձեւի քվեարկությունը հետաձգվում է, մեզ համար աղետ չէ, ցեղասպանության հարցը քննարկելու իրավունքը սահմանափակում չունի», - ասել է Վիգեն Փափազյանը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հավաստիացրեց, որ «խոսնակ Նենսի Փելոսին շարունակում է աջակցել թիվ 106 բանաձեւին»:

«Իսկ հայկական շրջանակները շարունակելու են աշխատանքը բանաձեւը Ներկայացուցիչների տան լիագումար նիստին որքան հնարավոր է արագ հասցնելու ուղղությամբ», - հավելեց Չուլջյանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG