Մատչելիության հղումներ

Վիկ Դարչինյան. «Չեմպիոնական մենամարտին մոտեցել եմ շատ լավ մարզավիճակում»


Հայազգի բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը շաբաթ երեկոյան ռինգ է դուրս գալու IBO վարկածով սուպերթեթեւ քաշային կարգում թափուր մնացած չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար:

Վիկ Դարչինյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ մենամարտին մոտեցել է շատ լավ մարզավիճակում, շարունակում է մարզումները եւ վստահ է իր ուժերին:

«Թեեւ մրցակիցս` ֆիլիպինցի Ֆեդերիկո Կատուբեյը, պրոֆեսիոնալ ռինգում 13 պարտություն է կրել, այդուհանդերձ նրան չեմ թերագնահատում: Եթե նա իրավունք է ստացել մասնակցել չեմպիոնական մենամարտին, ուրեմն ուժեղագույնն է աշխարհում», - ասաց հայազգի բռնցքամարտիկը:

Մենամարտը տեղի է ունենալու Սիդնեյում: Դարչինյանն ասում է, որ մարզապալատում առաջին անգամ իրեն երկրպագելու է իր որդին` Ռուբենը, ով արդեն 3-֊ամսական է:

Իր վերջին մենամարտում Դարչինյանը պարտվել է ֆիլիպինցի մեկ այլ մարզիկի` Նոնիտո Դոներին, եւ կորցրել IBO եւ IBF վարկածներով թեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսները: Նա նշեց, որ անպայման ռեւանշ-հանդիպում է անցկացնելու Դոների հետ:

«Իմ նպատակն է վերադարձնել չեմպիոնական գոտիները, եւ վաղ թե ուշ այդ ռեւանշ-հանդիպումը տեղի է ունենալու», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց բռնցքամարտիկը:

Այսօր Սիդնեյ է ժամանել անվանի պրոմոութեր Գարի Շոուն, ով ամենայն հավանականությամբ, դեկտեմբերին ԱՄՆ-ում Դարչինյանի մասնակցությամբ եւս մեկ չեմպիոնական մենամարտ է կազմակերպելու: Չի բացառվում , որ «Կատաղած ցուլ» մականունին արժանացած հայազգի մարզիկը մրցի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Գերի Պենելոսայի հետ:

Բռնցքամարտիկը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերին սպասվող մենամարտից հետո ընտանիքի հետ կվերադառնա Հայաստան, ուր եւ կանցկացնի իր կարճատեւ հանգիստը:

Պրոֆոսիոնալ ռինգում Վիկ Դարչինյանն անցկացրել է 29 հանդիպում, տոնել 28 հաղթանակ, որից 27-ը` նոքաուտով, կրել է 1 պարտություն:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG