Մատչելիության հղումներ

Ֆեթհիյե Չեթին. «Ոստիկանությունը քողարկել է Դինքի սպանության հանգամանքները»


Ոստիկանությունը քողարկել է Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության հանգամանքները` թաքցնելով եւ վերացնելով ապացույցներ: Այդ մասին հայտարարել է Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը:

«Քննությունից թաքցվում են ապացույցներ եւ տեղեկատվություն: Բազմաթիվ ապացույցներ վերացվել եւ կորսվել են», - ասել է Չեթինը թուրքական «Ռադիկալ» թերթին տված հարցազրույցում:

Փաստաբանի խոսքերով, մասնավորապես, հունվարի 19-ին տեղի ունեցած սպանության ժամանակ «Ակոս»-ի խմբագրատանը մոտ գտնվող բանկի անվտանգության տեսախցիկի նկարահանած կադրերը, որոնք ձայնագրել էին նաեւ երկու գլխավոր կասկածյալների հեռախոսազրույցը, անհետացել էին, երբ դրանք վերցրել է ոստիկանությունը, իսկ այդ մասին քննիչների տեղեկանալուց հետո նյութը նրանց փոխանցվել է ոչ ամբողջությամբ:

«Ինչ-որ բան քողարկվում է, գուցե` որոշակի կապեր կասկածյալների եւ անվտանգության ուժերի ներկայացուցիչների միջեւ», - ասել է փաստաբանը` հավելելով. - «Բացահայտված են մարդասպանը եւ նրա մերձավոր շրջապատը, սակայն ոչ իրական ոճրագործները»:

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ, Չեթինն ընդգծել է, որ թեեւ թուրքական կառավարությունը անմիջապես արձագանքեց Դինքի սպանությանը, այդուհանդերձ, քննության ընթացքին զուգահեռ նրա վճռականությունը մարում է:

«Դեռ ուշ չէ: Եթե կառավարությունը վճռականություն ցուցաբերի, սպանության վրա կարող է լույս սփռվել», - ամփոփել է Դինքի ընտանիքի փաստաբանը:

Միաժամանակ, «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, շաբաթ օրը թուրքական NTV մասնավոր հեռուստաալիքով հեռարձակվել է Դինքի սպանության գործով կասկածյալներից մեկի եւ ոստիկանության մի պաշտոնյայի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որից հասկացվում է, որ տվյալ պաշտոնյան տեղյակ էր լրագրողի նախապատրաստվող սպանությանը:

Դինքի սպանությունից քիչ անց տեղի ունեցած այդ հեռախոսազրույցի սղագրությունը կցվել է գործի նյութերին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG