Մատչելիության հղումներ

Այսօր ՄԱԿ-ում ելույթ կունենան ԱՄՆ-ի եւ Իրանի նախագահները


Նյու 3որքում գումարված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում այսօր սկսվում է «համընդհանուր քաղաքական դիսկուսիան», ինչպես անվանում են ՄԱԿ-ի անդամ երկրների բարձրաստիճան ղեկավարների ավանդական ելույթները: Արդեն այսօր ՄԱԿ-ի ամբիոնին կմոտենան իրարամերժ քաղաքական դիրքորոշումներ որդեգրած ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:

Օրվա բանախոսներից են նաեւ Ֆրանսիայի եւ Բրազիլիայի նախագահներ Նիկոլա Սարկոզին եւ Լուլա դա Սիլվան:

Նախքան Նյու 3որք մեկնելը Ահմադինեջադը պատրաստակամություն էր հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում «հրապարակավ՝ բոլորի առջեւ ԱՄՆ-ի նախագահի հետ քննարկել մեր օրերի ամենահրատապ հարցերը, այդ թվում՝ Իրաքի թեման»: Սակայն Սպիտակ տունն այդ առաջարկին չի արձագանքել:

Այս նստաշրջանի առանցքային թեմաներից մեկը կլինի գլոբալ ջերմացումը:

«Շատ ոգեւորված եմ, որ բնապահպանությունը մեծ տեղ ունի այս նստաշրջանում: Նաեւ շատ հուզված եմ` չէ՞ որ սա իմ առաջին Գլխավոր ասամբլեան է», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, հավելելով, որ 62-րդ նստաշրջանը կանդրադառնա նաեւ անհապաղ լուծում պահանջող` Դարֆուրի, Կոսովոյի, Աֆղանստանի, Իրաքի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կառուցվածքային բարեփոխման հիմնախնդիրներին:

Հարավկորեացի Բան Կի-մունը ՄԱԿ-ի պատմության ընթացքում 8-րդ գլխավոր քարտուղարն է. նա պաշտոնը ստանձնել է 2007 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանը Նյու 3որքում ներկայացնելու է արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ենթադրվում է, որ նստաշրջանի ընթացքում հոկտեմբերի 3-ին կքննարկվի ՎՈւԱՄ-ի տարածքում «սառեցված» հակամարտությունների խնդիրը: Սեպտեմբերի 29-ին ՎՈւԱՄ-ի անդամ երկրների` Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի արտգործնախարարները հանդիպելու են Նյու 3որքում` քննարկելու իրենց մարտավարությունը:

Պաշտոնական Երեւանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է Ղարաբաղի խնդիրը ՄԱԿ տեղափոխելու փորձերին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG