Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթին` «Հայկական ժամանակ»-ի խմբագիրը նշում է. - «Տեր-Պետրոսյանի ելույթը ներկաներին հասկանալի դարձրեց, որ առաջին նախագահը չի պատրաստվում դիտորդի կարգավիճակով հետեւել իշխանական կլանի վերարտադրությանը, մի բան, որ սպասված իրավիճակ էր նրա կողմնակիցների եւ, ի դեպ, իսկական ընդդիմադիր ողջ դաշտի համար: Փոխարենը Հայաստանի առաջին նախագահի վերադարձը հրապարակային քաղաքականություն միանգամայն անսպասելի էր իշխանական կլանի համար: Եվ այն, որ հանրապետական սփռում ունեցող բոլոր հեռուստաընկերությունները երկու օր քառ լռություն պահպանեցին առաջին նախագահի ելույթի մասին, սրա վկայությունն է»: «Իշխանական կաբինետներում ակնհայտորեն չէին կողմնորոշվում, թե ինչպես արձագանքել տեղի ունեցողին», - որակել-ամփոփել է խմբագրականը:

Իր հերթին ի մի բերելով ներկա իշխանությունների հասցեին Տեր-Պետրոսյանի հնչեցրած մեղադրանքները, «Հայոց Աշխարհ» թերթի գլխավոր խմբագիրը հակադարձել է. - «Ուրեմն ստացվում է, թե Տեր-Պետրոսյանի օրոք հարաբերությունները մեզանում կարգավորվում էին բացառապես օրենքներով, ժողովրդի կամքով, քաղաքական երկխոսությամբ, իսկ այսօր հանցագործ վարչակազմը նախընտրում է գողական աշխարհի կարգուկանո՞նը»։ «Հետաքրքիր է, վաղո՞ւց են արդյոք նախկին նախագահի մոտ այդչափ լուրջ խնդիրներ առաջացել հիշողության առումով։ Ավելի ճիշտ՝ ի՞նչ է դա. հիշողության իսպառ կորո՞ւստ, թե՞ պարզապես ցինիզմ։ Թե՞ անհեթեթ մեղադրանքներ ուղղելով գործող իշխանությունների հասցեին, Տեր-Պետրոսյանը փորձում է թուլացնել եւ իրենից այլ ուղղությամբ շեղել մարդկանց արդարացի զայրույթը», - եզրակացրել է թերթը։

Նույն թեմային անդրադառնալով` «Տարեգիր»-ը առանձնացրել է. - «Տեր-Պետրոսյանի ելույթից, այնուամենայնիվ, հասկացվեց, որ ինքը ոչ միայն տրամադրված է առաջադրել իր թեկնածությունը, այլեւ պատրաստ է առաջնորդել հանուն Հայաստանի ապագայի միավորվող քաղաքական ուժերին»: «Այլ կերպ ասած, սեպտեմբերի 21-ի երեկոյան տրվեց շատերին հուզող մի շարք հարցերի պատասխանը, եւ, կարծում ենք, Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրման խնդիրը ընդամենը տեխնիկական հարց է», - ընդգծել է թերթն ու հավելել. - «Մնում է միայն, որ Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբվող քաղաքական ուժերը հասկանան եւ գիտակցեն իրավիճակի ողջ լրջությունը»:

«Ազգ»-ի մեկնաբանը, նույն թեման արծարծելով, բաղդատել է. - «Այս իշխանություններին բնավ չպաշտպանելով (քանզի նրանք էլ մի գովելու բան չեն), միեւնույն ժամանակ հնարավոր չէ չհիշել անպատժելիության այն մթնոլորտը, որ տիրում էր երկրում Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, երբ կրակում ու սպանում էին անպատիժ, երբ 14 դրամ գնահատված դոլար ու 250 դրամ գնահատված միանվագ փոխհատուցում ունեցանք, ու ոչ մեկս չկարողացավ 20-30 դոլարից ավելի ձեռք բերել, իսկ ՀՀՇ-ամերձ որոշ «ընտրյալներ» միլիոնավոր դրամներով գնեցին դոլարի տեսք ստացած ողջ ժողովրդի հասանելիք ներքին արդյունքը եւ մի քանի գիշերում դարձան նախասկզբնական կապիտալի տեր կապիտալիստներ, երբ ղեկավար պաշտոններում աշխատանքի էին ընդունում միայն ՀՀՇ-ի մի քանի գործիչների մերձավոր մարդկանց, իսկ բոլոր կարեւոր պոստերից դուրս մնացին վերնախավ դարձած տղաներին որեւէ բանով դուր չեկած ազնիվ ու հարգված մարդիկ»:

«Համակարգի գենեզիսը» վերնագրի տակ «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը սեփական փաստարկն է մատուցել. - «Անձամբ ինձ համար հետաքրքիրը ոչ թե «լեւոնականների» եւ «հակալեւոնականների» փոխադարձ մեղադրանքներն են, այլ՝ ուրբաթ օրը Տեր-Պետրոսյանի ասածների բուն բովանդակությունը։ Իսկ դրանց մեխը այն էր, որ Հայաստանում գոյություն ունի հասարակական-քաղաքական համակարգ, որը ունի միայն մեկ գործառույթ՝ բոլոր մակարդակների իշխանավորների «ուտելը»։ Եթե այդ համակարգը չապամոնտաժվի, մենք, լավագույն դեպքում, տասնամյակներ շարունակ կմնանք «երրորդ աշխարհի» երկրների շարքում, որտեղ չկա զարգացման լուրջ հեռանկար»։ «Չնախապաշարված եւ անկեղծ որեւէ մարդ չի կարող դրա հետ համաձայն չլինել», - ամփոփել է խմբագրականը։

Լեուն Տեր-Պետրոսյանը առաջադրման հնարավոր հեռանկարը նկատի ունենալով «Ժամանակ-Երեւան» թերթի գլխավոր խմբագիրը կանխատեսել է. - «Անկախ ընտրության արդյունքներից՝ Տեր-Պետրոսյանի առաջադրումը քաղաքական պայքարի դաշտ կստեղծի երկրում եւ ընտրական համակարգը զարգացում ապրի։ Կփոխվի երկրի մթնոլորտը, տեսակետների եւ գաղափարների մրցակցություն կսկսվի։ Եվ վերջապես՝ հնարավոր է, որ ընտրակեղծիքների դեմ պայքարն ավելի արդյունավետ դառնա, քանի որ դրանց դեմ մարտնչելու պատրաստ մարդկանց մեծ բազմություն կհայտնվի ասպարեզում», - բխեցրել է խմբագրականը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG