Մատչելիության հղումներ

Ալի Բաբաջան. «PKK-ն եւ ցեղասպանության պնդումները լարվածություն են մտցնում թուրք - ամերիկյան հարաբերություններում»


Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ներկայությունը եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծերը լարվածություն են ստեղծում թուրք - ամերիկյան հարաբերություններում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը` անցած շաբաթավերջին ելույթ ունենալով լոբալ հարցերով Չիկագոյի խորհրդում:

«Թրքիշ դեյլի նյուս»-ի վկայությամբ` Բաբաջանը ասել է, թե PKK-ի ահաբեկչությունը եւ ցեղասպանության «պնդումները» պաշտոնական Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերություններում լուծման սպասող երկու էական հարցերն են:

Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարը «քաղաքական» է որակել Հայոց ցեղասպանության վերաբերյալ «պնդումները»` հայտարարելով. - «Մենք ցանկանում ենք, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսը պատմական իրադարձությունների կողմ չդառնա եւ թույլ տա, որպեսզի իշխի առողջ բանականությունը»:

Նա հավելել է, թե «հայկական պնդումները մինչ օրս ապացուցված չեն ո'չ իրավաբանորեն եւ ո'չ էլ պատմականորեն, հետեւաբար` մեղադրանքները Թուրքիային միշտ ուղղվել են քաղաքական ասպարեզում»:

Թուրքիայի արտգործնախարարը առաջարկել է, որպեսզի հարցը կարգավորվի «անկեղծ եւ հստակ երկխոսության» միջոցով:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատներում ներկայումս շրջանառության մեջ են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի նախագծեր, ընդ որում, Ներկայացուցիչների պալատի անդամների կեսից ավելին օրինագծի օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG