Մատչելիության հղումներ

Զարուհի Փոստանջյան. «301 հոդվածը սահմանափակում է կարծիք արտահայտելու իրավունքը»


«Ժառանգություն» խմբակցության կողմից Ազգային ժողովում երկու օր առաջ շրջանառության մեջ դրված «Քրեական օրենսգրքի 301 հոդվածը ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենսդրական նախաձեռնության հեղինակ, խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը համոզված է, որ նշված հոդվածը «խախտում է քաղաքացու ազատ արտահայտվելու իրավունքը»:

«Կարծիք արտահայտելու իրավունքը այս հոդվածով սահմանափակված է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց Փոստանջյանը: - «Այս հոդվածով մեղադրանք կարելի է առաջադրել յուրաքանչյուրիս»:

Պատգամավորը գտնում է, որ 301 հոդվածը «իրականում գործիք է իշխանությունների ձեռքին` իրենց համար անցանկալի մարդկանց հասարակությունից մեկուսացնելու համար». - «Սա քաղաքական հոդված է»:

Փոստանջյանը հույսեր չի կապում պատգամավորների եւ խորհրդարանի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի հետ` ասելով, թե հոդվածի ապաքաղաքականացմանը կարելի է հասնել միայն միջազգային կազմակերպությունների աջակցությամբ:

Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Աշոտյանի կարծիքով, ներկայացված օրինագիծն է հակասահմանադրական. - «Ես կանխատեսում եմ, որ բացասական կլինի թե’ կառավարության պատասխանը, թե’ Ազգային ժողովի իրավաբանական վարչության պատասխանը»:

«Դիցուք, օրինագիծը ընդունվում է. ակնհայտ է, որ նախագահը չի կարող վավերացնել այն, որովհետեւ հակասահմանադրական է», - հայտարարեց Աշոտյանը` շարունակելով. - «Օրենսդրական բուն դաշտի բարելավման հետ այս նախաձեռնությունը որեւէ առնչություն չունի»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արամ Սաֆարյանի կարծիքով` «խոսք անգամ չի կարող լինել հոդվածը վերացնելու մասին», քանի որ այդ դեպքում «երկրում անարխիա կտիրի»:

Քրեական օրենսգրքի 301 հոդվածով «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար» անձը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով, կալանքով` 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Հոդվածը վերջին անգամ կիրառվել է Արցախյան պատերազմի հերոս, «Հայ կամավորների համախմբում» շարժում նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանի եւ ազատամարտիկ Վարդան Մալխասյանի դեմ: Այս հոդվածի հատկանիշներով քրեական գործեր են հարուցվել 2004 թվականի ապրիլի լույս 13-ի գիշերվա իրադարձություններից հետո «Արդարություն» դաշինք եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների մի շարք պատգամավորների նկատմամբ:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG