Մատչելիության հղումներ

Հայաստանցի կանայք սեռական շահագործման են ենթարկվել Իտալիայում


Իտալիայի ոստիկանությունը գիշերային ակումբներում ստուգումներ անցկացնելով բացահայտել է, որ Իտալիա նոր ժամանած հարյուրավոր արտասահմանցի կանանց, այդ թվում նաեւ` հայաստանցի, պարտադրվում է զբաղվել մարմնավաճառությամբ:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, թրաֆիքինգի կասկածանքով ձերբակալվել է 18 մարդ:

Քննությունը իրականացնող իրավապահ մարմինների ներկայացուցիչները շաբաթ օրը Ֆլորենցիայում կայացած ասուլիսի ժամանակ հայտնել են, որ փաստաթղթերի ձեւակերպմամբ զբաղվող գրասենյակները օժանդակել են, որպեսզի հարյուրավոր երիտասարդ կանայք Իտալիա մուտք գործեն, հիմնականում` Ուկրաինայից, Հայաստանից ու Ղազախստանից` ըստ ձեւակերպման` կատարողական արվեստի ճյուղերում աշխատելու համար: Վճարվել են նրանց ճանապարհի ու Իտալիայում կեցության ծախսերը, իսկ հետո նրանց պարտադրել են մարմնավաճառությամբ զբաղվել Տոսկանայում կամ հյուսիսային ու կենտրոնական Իտալիայի այլ բնակավայրերում` գիշերային ակումբներում կամ մասնավոր բնակարաններում:

Կասկածյալները ձերբակալվել են հանցավոր ուղիներով անօրինական ներգաղթ կազմակերպելու, կանանց շահագործելու եւ մարմնավաճառության մղելու համար:

Իտալիայում մարմնավաճառությունը անօրինական չի համարվում, սակայն կանանց շահագործումը քրեորեն պատժվում է:

Ոստիկանությունը հայտնել է, որ ստուգումների արդյունքում 8 գիշերային ակումբ է փակվել:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG