Մատչելիության հղումներ

YouTube-ում տեղադրված տեսահոլովակը աղմուկ է բարձրացրել Թուրքիայում


YouTube կայքէջում անցած շաբաթավերջին տեղադրված տեսահոլովակը, որում Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության համար մեղադրվող Օգյուն Սամասթին եւ սպանության դրդիչներից Յասին Հայալին գովաբանող երգը ուղեկցվում է համապատասխան կադրերով, աղմուկ է բարձրացրել Թուրքիայում:

Տեսանյութում ընդգրկված են Սամասթի եւ Հայալի լուսանկարները: Երգում պարունակվող ուղղակի սպառնալիքները «հայերին սատարողների» հասցեին ուղեկցվում են Դինքի սպանությունից անմիջապես հետո նկարահանված կադրերով, որոնցում հայազգի լրագրողի դին ընկած է գետնին` ծածկված թերթերով: Որպես «դավաճաններ»` հոլովակում տեղ են գտել գրականության Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը եւ այլ առաջադեմ մտավորականներ, ինչպես նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը եւ նախկին նախագահ Ահմեդ Սեզերը:

«Թրքիշ դեյլի նյուս»-ի վկայությամբ, «Ծրագրեր մի կազմեք» կոչվող երգի տեքստը գրել է ծայրահեղ ազգայնական բանաստեղծ Օզան Արիֆը, այն կատարում է հայտնի երգիչ Իսմայիլ Թուրութը: Երկուսն էլ հերքել են իրենց առնչությունը տեսանյութը պատրաստողների հետ:

Թուրութը «Միլիեթ» օրաթերթին հայտարարել է, թե գաղափար չի ունեցել անգամ YouTube-ի մասին: Պնդելով, թե չի ճանաչում տեսանյութը պատրաստողներին, որպեսզի դատական հայց ներկայացնի նրանց դեմ, երգիչը ասել է. - «Թող կառավարությունը փնտրի մեղավորներին եւ պատժի նրանց»:

Թուրք իրավապաշտպանները, մասնավորապես` «Ոչ ռասիզմին եւ ազգայնականությանը» շարժման ակտիվիստները շեշտում են, որ իրավապահները որեւէ քայլ չեն ձեռնարկում տեսահոլովակի կապակցությամբ, «մինչդեռ այդքան շատ գործեր են հարուցել տխրահռչակ 301 հոդվածով»:

Հրանտ Դինքի փաստաբանները պատրաստվում են փաստի կապակցությամբ հայց ներկայացնել դատարան` համոզված, որ տեսահոլովակի հեղինակները ատելության քարոզչություն են իրականացնում եւ գովաբանում են մարդասպանին:

«Թրքիշ դեյլի նյուս»-ը տեղեկացնում է նաեւ, որ YouTube-ում հիշյալ տեսանյութերի 10 տարբերակ էր տարածվել, որոնցից ամենավիճահարույցը երեկ հանվել է կայքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG