Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 15-ը սեպտեմբերի)

«Ժամանակ Երեւան»-ը, հիշեցնելով, որ ուրբաթ օրը Սերժ Սարգսյանը հեռուստահարցազրույց է տվել «Ազգ» թերթի գլխավոր խմբագրին, մեջբերում է վարչապետին. - «Հավաքվող հարկերի չափը փոքր է, մենք պետք է մեծացնենք, սկզբի համար հասցնենք միջին երկրների մակարդակին: Սա լինելու է իմ ամենակարեւոր խնդիրներից մեկը: Եվ այստեղ կուսակցական պատկանելություն, խնամի, բարեկամ՝ որեւէ դերակատարություն չեն ունենալու»: «Ժամանակ Երեւան»֊-ը մեկնաբանում է. - «Իսկ ո՞վ է երկրում ստեղծել այդ անպատժելիության մթնոլորտը, ստվերի տիրապետությունը: Հայաստանը փոքր երկիր է, իսկ այնպիսի գործակալական ցանցի պարագայում, ինչպիսին Հայաստանում այս տարիներին ստեղծել է Սերժ Սարգսյան -֊ Ռոբերտ Քոչարյան զույգը, հնարավոր չէ, որ հարկեր թաքցնողների անուններն իրենց հայտնի չլինեն: Ի՞նչն է խանգարել, որ այդ ստվերի, բյուջեագողերի, հարկեր չմուծողների դեմ պայքարեն մինչ օրս: Մի՞թե վարչապետի իրավասությունները չեն բավարարում դրա համար»:

Անդրադառնալով ուրբաթ օրվա գործարքին, որի արդյունքում MTC ռուսաստանյան ընկերությունը գնել է VivaCell-֊ի բաժնետոմսերի 80 տոկոսը, «168 ժամ» թերթը գրում է. - «Փաստորեն, Հայաստանի հերթական՝ հեռահաղորդակցության ոլորտը եւս անցավ Ռուսաստանի ենթակայության տակ, քանի որ «ԱրմենՏել» ընկերությունն էլ, ինչպես հայտնի է, պատկանում է ռուսական մեկ այլ՝ «ՎիմպելԿոմ» ընկերությանը: Ուղղակի հիշեցնենք, որ ռուսներին են պատկանում նաեւ Հայաստանի էներգետիկ հիմնական հզորությունները, ատոմակայանը, Իրան -֊ Հայաստան նորակառույց գազամուղը, արդյունաբերական բազմաթիվ գործարաններ, մի քանի խոշոր հայկական բանկեր եւ այլ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ: Մնացին իշխանությունները»:

«Հայկական ժամանակ»֊-ը տեղեկացնում է. - «Ուրբաթ օրը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր֊-Պետրոսյանն այցելել է Արտաշատ քաղաք: Նրան ուղեկցել են «Հանրապետություն», ՀՀՇ կուսակցությունների եւ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչներ: Հանդիպմանը ներկա են գտնվել մարզի քաղաքական ակտիվի ներկայացուցիչներ, այդ թվում եւ այնպիսի մարդիկ, ովքեր, իրենց խոստովանությամբ, մինչեւ 1998 թվականը ընդդիմադիր են տրամադրված եղել Տեր-֊Պետրոսյանի նկատմամբ: Նրանք Տեր֊-Պետրոսյանին հորդորել են անպայման առաջադրվել նախագահի թեկնածու եւ պատրաստակամություն են հայտնել բոլոր ուժերը ներդնել նրա հաղթանակի համար»:

«Առավոտ»-ը, հիշեցնելով, որ ուրբաթ օրը Շուշիում բացվել է Դաշնակցության Գերագույն մարմնի ժողովը, մի մեջբերում է անում ԱԺՄ-֊ի նախագահ Վազգեն Մանուկյանի ելույթից. - «Հատուկ ուզում եմ դիմել Դաշնակցությանը: Չնայած մենք հիմա իրար հետ վիճաբանության մեջ ենք, մենք իրար հետ կռված ենք, տարբեր կողմերում ենք գտնվում համարյա, բայց Դաշնակցության մեջ կարեւոր երկու հատկություն է եղել՝ ռոմանտիզմ եւ պրագմատիզմ: Երբ Դաշնակցությունը տարվել է միայն ռոմանտիզմով, դա կործանարար է եղել ժողովրդի համար, որովհետեւ ռոմանտիզմով քաղաքականությունն առաջ տանել չես կարող: Հիմա վախ ունեմ, որ ռոմանտիզմը կորցնելով, Դաշնակցությունը մտնի միայն պրագմատիզմի մեջ, եւ այդ պրագմատիզմը վերածվի ցինիզմի, դա մյուս վտանգավոր բանն է: Ես կոչ կանեմ՝ դեռ ժամանակը չի դառնալ սովորական կուսակցություն, պահպանեք ռոմանտիզմը, ամեն ինչ լավ կլինի»:

«Չորրորդ իշխանություն»֊-ը կարծիք է հայտնում. - «Ցանկացած հանրապետական, ով այսօր հայտարարում է, որ իրենց «միակ», «եզակի», «անկրկնելի» ու «այլընտրանք չունեցող» թեկնածուն Սերժ Սարգսյանն է, ըստ էության, բավականին ծանր վիրավորանք է հասցնում Հանրապետականին: Դատեք ինքներդ. Հանրապետականը, իր ասելով, ունի պետության զարգացման հստակ հայեցակարգ, գաղափարախոսություն, ծրագիր, խորհրդարանական մեծամասնություն եւ այլն, ու հանկարծ պարզվում է, որ այդ ամենով հանդերձ՝ Սերժ Սարգսյանից բացի ոչ մեկը չի կարող ղեկավարել երկիրը: Հարց է ծագում՝ դա կուսակցությո՞ւն է, թե՞ գորշությունների հավաքածու»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG